Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանն ավելի քան 10 տարի ռուս լրտես է աշխատել. The Guardian
Ամերիկյան հակահետախուզությունը պարզել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանն ավելի քան 10 տարի աշխատող ռուս աշխատակցուհին կարող է լրտես լինել: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հետախուզական ծառայություններում աղբյուրի հղումով:
Նշվում է, որ կինը, որի անունը չի նշվում, աշխատանքի է ընդունվել ԱՄՆ գաղտնի ծառայությունների կողմից և տարիներ շարունակ հնարավորություն է ունեցել հետևել գերատեսչության էլեկտրոնային փոստին ու գաղտնի տեղեկություններ ստանալ: Բացի այդ, ենթադրվում է, որ նա կարող է հանդիպած լինել նաև անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հետ:
Կինն աչքի է ընկել դեռ 2016 թվականին, սակայն, չնայած կասկածներին, շարունակել է աշխատել: Նրան աշխատանքից ազատել են միայն 2017 թվականի ամռանը, որից կարճ ժամանակ անց մի շարք ամերիկացի դիվանագետներ հետ են կանչվել հակառուսական նոր պատժամիջոցների սահմանումից հետո:
Ինչպես նշում է աղբյուրը՝ գաղտնի ծառայությունը փորձել է թաքցնել խախտումը՝ աշխատանքից ազատելով կնոջը: Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ միայն մանրակրկիտ հետաքննությունը թույլ կտա պարզել, թե ինչ վնաս է հասցրել դեսպանատան նախկին աշխատակցուհին:










