Ոչ հավաստի տեղեկություն է. ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է $100 մլն-ի համաձայնագրով Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը

12:23 • 03.08.18

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության փոխնախարարն այս մասին ասել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում:

«Դա ոչ հավաստի տեղեկություն է»,- հայտարարեց Ֆոմինը: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ալեքսանդր Ֆոմինը պատասխանեց, որ Հայաստանն արդարադատություն է իրականացնում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել  սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է, իսկ Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս իրադարձություններին հաջորդած ռուսական կողմի մի շարք հայտարարություններից  հետո ռուսական մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը: