«Հայաստանի կույրերի միավորման» նախագահը հրաժարական է տվել, սակայն ողջ վարչության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները կշարունակվեն
«Հայաստանի կույրերի միավորման» 91-ամյա նախագահ Աբել Հակոբյանը, որը 60-ականների սկզբից ղեկավարում է միությունը, երեկ հրաժարական է տվել:
Այս մասին Tert.am -ին հայտնեց միավորման անդամներից Սամվել Ղազարյանը: Վերջինիս խոսքով՝ բողոքի ակցիաները շարունակվելու են:
«Դա մեր պահանջների նվազագույնն է, մենք նախագահության ողջ կազմի հրաժարականն ենք պահանջում: Բացի այդ, շատ արագ պետք է հրավիրվի արտահերթ համագումար՝ նոր ընտրություններ կազմակերպելու համար» ,-ասաց միավորման անդամը:
Հիշեցնենք, որ միավորման անդամները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով նաև արտահերթ համագումար՝ վարչության նոր կազմ ընտրելու համար:
Սամվել Ղազարյանը նշեց, որ այս օրերին ի մի են բերում միավորման վարչության կազմի կողմից տարբեր կոռուպցիոն գործարքների մասին փաստեր՝ դրանք իրավապահներին հանձնելու ու դրանց քրեաիրավական գնահատականներ տալու համար:
Միավորման անդամը կրկնեց մեղադրանքը, թե միավորումը թալանվում է, տարբեր քաղաքներում գտնվող տարածքները կամ վաճառվում են կամ «կոպեկներով» տրվում վարձակալության: Անգամ աշխատող կույրերի համար տրվող 1000-ական դրամ նպաստները հասցեատերերին տեղ չեն հասել:
«Քաղաքում՝ մասնավորապես Արաբկիրում շատ տեղեր կան, որ վարձակալությամբ են տրվել շուկայական արժեքից շատ ավելի ցածր ֆիքսված գնով, սակայն իրականում լրիվ այլ գումարներով են գործարքները կայացել՝ շուկայական գնով, իսկ տարբերությունը գրպանել են: Պատկերացրեք՝ 1000 դրամով 1 քառակուսին տվել են, բայց իրականում 3000 դրամ է եղել: Ու դա եղել է քաղաքականություն, որն ուղղված է եղել, ինչ հնարավոր է՝ վարձով տանք, իսկ պայմանագրով տանք ցածր գներով»,-հպանցիկ ներկայացրեց Սամվել Ղազարյանը:
Երկուշաբթի օրը միավորման անդամները կրկին բողոքի ակցիա են անցկացնելու՝ իրենց պահանջների շարունակականությունն ապահովելու համար:










