Կրասնոյարսկի երկրամասում 18 մարդ է մահացել Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով

09:45 • 04.08.18

Կրասնոյարսկի երկրամասում՝ Վանկորի հանքավայրի մոտակայքում, կործանվել է Մի-8 ուղղաթիռը, ինչի հետևանքով 18 մարդ է մահացել: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայություններից:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:20-ին՝ Իգարկա բնակավայրից երկու կմ հեռավորության վրա:

Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ UTair ռուսական ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը տեղափոխում էր «Վանկոր» ընկերության աշխատակիցներին:

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ ուղղաթիռում է եղել անձնակազմի երեք անդամ և 15 հերթափոխային աշխատող:

Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է ամայի վայրում: Վթարից հետո հաջողվել է գտնել երկու «սև արկղը». նրանց վիճակն ուսումնասիրվում է:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ է Մի-8-ը ընկնելուց առաջ անցնել է երկու կմ: Ուղղաթիռն ընկել ու այրվել է. անկումից հետո պայթել են ուղղաթիռի վառելիքային բաքերը:

Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռի կործանման պատճառ էր կարող դառնալ տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը:

Դեպքի վայր է ժամանել Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի պարտականությունների ժամանակավոր կատարող Ալեքսանդր Ուսը: