Սյունիքում ծեծել են երիտասարդների, որոնց բնակիչները կասկածել են նույնասեռական լինելու մեջ. ոստիկանություն
Օգոստոսի 3-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ ծեծել են գյուղ հյուր եկած մի քանի երիտասարդների՝ պատճառաբանությամբ, թե նրանք նույնասեռական են, ինչի արդյունքում 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Oգոստոսի 3-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ.-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին»,-հայտնեցին Ոստիկանության լրատվականից:
Ոստիկանները ստիպված են եղել ապահովել այն 4 անձանց անվտանգությունը, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց և ուղեկցել նրանց դեպի Երևան:
Կան բերման ենթարկվածներ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:










