Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի (լուսանկարներ, տեսանյութ)
Ինդոնեզական Բալի և Լոմբոկ զբոսաշրջային կղզիներում տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի, տուժածները 200-ից ավելի են, հայտնում է The Guardian-ը:
Աղետների հետևանքների վերացման ազգային ծառայության մամուլի խոսնակը մանրամասնել է, որ զոհերի շարքում օտարերկրացիներ չկան: Հայտնի է, որ զոհերի մեծ մասը գրանցվել է Լոմբոկ կղզում: Երկու մարդ զոհվել է Բալիում, ևս մեկը Ջիլի կղզում:
Պարբերականը հավելում է, որ երկրաշարժից հետո տարածքում զգացվել է ավելի քան 100 հետցնցում: Հազարավոր մարդիկ անօթևան են մնացել, քանի որ երկրաշարժը վնասել է 3.000 տուն ու շինություն:
Դեպքի վայրում աշխատող փրկարարների գործողություններին խոչընդոտում են փլուզված կամուրջները, հոսանքազրկումն ու բջջային կապի բացակայությունը:
Երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն իր խոր ցավակացությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ խոստանալով հնարավորինս արագ վերակառուցել փլուզված կամուրջները, տներն ու մյուս շինությունները:
Նշվում է, որ զոհերից յուրաքանչյուրի ընտանիքին պետությունը հատկացնելու է ավելի քան 1.000 դոլար փոխհատուցում:



![]()










