Իրանը հեշտացնում է երկրում արժույթի շրջանառության կանոնները՝ ազգային արժույթի կտրուկ անկմանը դիմակայելու համար. DW

13:00 • 06.08.18

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրում արժույթի շրջանառության կանոնները հեշտացնելու իշխանությունների ծրագրերի մասին: Այդ քայլը պայմանավորված է ազգային արժույթի կտրուկ անկմանը դիմակայելու մտադրությամբ և ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներին պատրաստվելու անհրաժեշտությամբ: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Թեհրանը, մասնավորապես, չեղարկում է փոխանակման կետերում ճկուն փոխարժեքներով առձեռն արժույթի վաճառքի արգելքն այնպիսի նպատակների համար, ինչպես արտասահման ուղևորությունը: Բացի այդ, իշխանությունները մտադիր չեն սահմանափակել արժույթի կամ ոսկու ներկրումն Իրան, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները և դեղորայքը հնարավոր կլինի ձեռք բերել ամուր արժույթով, որն այդ նպատակների համար հասանելի կլինի նվազեցված փոխարժեքով:

Վերջին օրերին Իրանի մի շարք քաղաքներում Թեհրանի տնտեսական քաղաքականության հետ կապված, ինչպես նաև իսլամական հանրապետության հոգևոր ղեկավարության դեմ ուղղված զանգվածային անկարգություններ են անցկացվում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին: