Հեղափոխությունից հետո լրջագույն քաղաքական ճգնաժամ է ստեղծվել․ Հայկ Մարտիրոսյան

16:17 • 06.08.18

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն կա´մ 2019-ի սկզբին՝ ձմռանը,  կա´մ էլ գարնանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով, դա լավ տարբերակ չէ:

«Հեղափոխության տրամաբանությամբ պետք է ընդհանրապես Ազգային ժողովը ցրվեր հենց Հանրապետության հրապարակում: Պետք է Սահմանադրությունը կասեցվեր հենց Հանրապետության հրապարակում: Վերջիվերջո Նիկոլ Փաշինյանն իր նախնական լեգիտիմության ռեսուրսը հայցեց և ստացավ հրապարակի կողմից, իսկ հրապարակն այդ պահին ամբողջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էր, և այդ անսահմանափակ ուժով կարելի էր անել ամեն ինչ:  Եվ  դա էր դասական հեղափոխության օրինակը»,- ասաց նա:

Հայկ Մարտիրոսյանն ընդգծեց՝ ճիշտ կլիներ, որ հենց սկզբից Ազգային ժողովը ցրվեր, Հանրապետական կուսակցության բոլոր պատգամավորներին մեղադրանք առաջադրվեր ու ձերբակալեին:  «Սա դասական հեղափոխության օրինակ է: Ոմանք դա անվանում են ծայրահեղականություն, բայց այդ մարդիկ չգիտեն քաղաքականություն, պատմություն, նրանք միայն կարդում են Մարթին Լյութեր Քինգ և Նելսոն Մանդելա։  Դրանք բոլորովին ուրիշ մթնոլորտում էին իրականացվում, դրանք հեղափոխություններ չեն, և այդ պրոցեսները պրոցեսներ են, որ հիմա էլ շարունակվում են»,- ասաց նա:

Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ մենք հիմա գտնվում ենք շատ բարդ իրավիճակում, լրջագույն քաղաքական ճգնաժամ է ստեղծվել, որովհետև մարդիկ, որոնք պարտվել են, որոնք հակապետական գործունեություն էին ծավալում, հիմա էլ շարունակում են նույն քաղաքականությունը: «Ստեղծվել է դեմոկրատիայի վակխանալիա, այսինքն՝ տրվել են ժողովրդավարական ազատություններ ուժերի, որոնք խորապես հակաժողովրդավարական են և խորապես հակահեղափոխական են»,- ասաց նա:

Քաղաքագետի պնդմամբ՝ շատ ավելի կոպիտ քայլեր պետք է ձեռնարկվեն: «Վատ չէր լինի կասեցնել Սահմանադրությունը, որը հիմա ֆանտաստիկայի ժանրից է թվում»,- ասաց նա՝ հավելելով, որ, իհարկե, իր ասածը պարզապես քննարկում է,- հիմա կա պրոցես և ես սատարում եմ այդ ճանապարհը: Իրավունք ունեմ համաձայն չլինելու, բայց հիմա սատարում եմ ներկայիս կառավարությանը, բայց նաև չունեմ որևէ պարտավորվածություն, որովհետև քաղաքական թիմի անդամ չեմ և իշխանության մաս չեմ կազմում»: