«Իրանը պետք է իրեն պահի նորմալ երկրի պես». ԱՄՆ պետքարտուղար

10:05 • 06.08.18

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն պահպանել Իրանի նկատմամբ պատժամիջոցները մինչև Թեհրանը կտրուկ չփոխի իր քաղաքական գիծը: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է երկխոսություն վարելու համար, բայց Իրանի կողմից անհրաժեշտ են «հսկայական փոփոխություններ»: Պետքարտուղարն ընդգծել է, որ Իրանը պետք է պարզապես «պահի իրեն նորմալ երկրի պես»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքնեի արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին: