Իսպանիայում հայ «օրենքով գող» է ձերբակալվել

14:49 • 06.08.18

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մալագա շրջանի Մարբելյա քաղաքում ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի երեք քաղաքացու, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես գործակալությանը հայտնել են ոստիկանությունից, ձերբակալվածներից մեկը Ա. Ս. սկզբնատառերով Հայաստանի քաղաքացի է, որը բնակվել է Լիտվայում:

Նրանց ձերբակալությունը դարձել է, այսպես կոչված, հայկական մաֆիայի վնասազերծման աղմկոտ գործողության շարունակությունը։ Հիշեցնենք, որ հունիսի վերջին ձերբակալվել էր 129 մարդ:

Երեք տղամարդիկ ձերբակալվել են Մարբելյայի ռեստորաններից մեկում հանդիպման ժամանակ, երբ նրանք ենթադրաբար նախապատրաստում էին մրցակից խմբավորման անդամի սպանությունը, որը պատրաստվում էր բնակություն հաստատել Իսպանիայում, ինչպես նաև՝ վերակազմակերպել խմբավորումը և «ցույց տալ կազմակերպության ուժը Եվրոպայում»:

Ձերբակալվածները մեղադրվում են մահափորձի, փաստաթղթերի կեղծման և հանցավոր խմբավորմանը պատկանելու համար: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նրանց անուններով լեհական և ուկրաինական կեղծ փաստաթղթեր:

Հունիսի 26-ին հաղորդվել էր, որ «հայկական մաֆիայի» դեմ Իսպանիայի և Կատալոնիայի ոստիկանությունների համատեղ գործողության ընթացքում, որն իրականացվել է Կատալոնիայում և Իսպանիայի այլ շրջանների մի շարք քաղաքներում, 129 մարդ է ձերբակալվել: 

Ձերբակալված անձինք կասկածվում են թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, սպորտային խաղադրույքների հետ կապված խարդախության և Եվրոպայում իրականացված հանցագործությունների մեջ ներգրավված հանցախմբին անդամակցության համար:

Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը 73 հատուկ գործողություն է իրականացրել տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում և մոտակայքում գտնվող Բադալոնա քաղաքում:

Ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են եղել: