Վե՛րջ պատերազմին. Հարավային Սուդանի իշխանությունները և ապստամբները խաղաղության համաձայնագիր են կնքել
Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը և ապստամբների առաջնորդ, նախկին փոխնախագահ Ռիեկ Մաշար Տենին համաձայնագիր են ստորագրել հրադադարի և լիազորությունները բաժանելու մասին, հայտնում է Reuters գործակալությունը:
«Որպես Հարավային Սուդանի նախագահ՝ ես հայտարարում եմ բոլորին, որ այսօր ստորագրված համաձայնագիրը պետք է վերջ դնի մեր երկրում պատերազմին և հակամարտություններին»,- նշել է նախագահը:
Նրա կարծիքով՝ իր կառավարության և ապստամբ խմբավորման միջև համաձայնագիրը հաջողություն կունենա, քանի որ ի տարբերություն բոլոր նախորդների՝ «այն դրսից պարտադրված չի եղել»:
Համաձայնագրի համաձայն՝ Մաշարը վերադառնալու է փոխնախագահի պաշտոնին:
Խաղաղության համաձայնագրի կնքման գործում միջնորդական դեր է ունեցել Սուդանը:
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանն անկախացել է Սուդանից 2011 թվականին, բայց երկու տարուց կառավարության և ապստամբ շարժման միջև քաղաքացիական պատերազմ է սկսվել: ՄԱԿ-ի տվյալներով՝ Հարավային Սուդանում հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 10 հազար մարդ, ավելի քան 2,2 միլիոն մարդ ստիպված է եղել հեռանալ իր տնից:










