ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակողն Էդվարդ Գրիգորյանն է, ես ականատես եմ եղել. Պավել Մանուկյանը պնդեց իր հայտարարությունը
ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստի Պավել Մանուկյանը կրկին հանդես եկավ հայտարարությամբ,պնդելով, որ ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակողն Արմեն Բիլյանը չէ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը: Դատարանը Պավել Մանուկյանի հայտարարությունն ընդունեց որպես ցուցմունք:
«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է, եթե այդ քայլը Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակը Արամ Մանուկյանն է, չնայած, կարծում եմ, որ Արամ Մանուկյանն ինքը կասեր, որ ինքն է եղել կրակողը: Այսուհետ ոչ կեղծիքին, սա իրականություն է, կրակոցին ականատես եղել եմ ես, մեկ մետր հեռավորության վրա եմ եղել, և քիչ էր մնում, որ պատահաբար զոհվեր մեր Արմեն Ղամբարյանը»,-ասաց Պավել Մանուկյանը:
Ինչ վերաբերում է բանկոմատից գումար հափշտակելուն, Պավել Մանուկյանն ասաց, որ դա հափշտակություն չէ և ինքը տեղյակ է, որ բանկոմատը բացողը, ոչ թե Արմեն Բիլյանն է, ինչպես նշված է մեղադրանքում, այլ Մխիթար Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է ՊՊԾ գունդ մուտք գործելուն, Պավել Մանուկյանն ասաց, որ իր մոտ եղել է իր զենքը, որը դատաքննության ավարտից հետո հետ է պահանջելու.«Իմ մոտ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ օգտագործելու համար»,-ասաց նա:
Էդվարդ Գրիգորյանը Պավել Մանուկյանի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց, իսկ Մխիթար Ավետիսյանը հերքեց Պավել Մանուկյանի հայտարարությունը:
Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդում վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար:
Նշենք, որ Էդվարդ Գրիգորյանն ազատվել է կալանքից, Մխիթար Ավետիսյանը ևս, իսկ Արմեն Բիլյանը գտնվում է կալանքի տակ:










