Վենեսուելան կդիմի ԱՄՆ-ին ու Կոլումբիային՝ Մադուրոյի դեմ մահափորձի հետաքննության շրջանակներում համագործակցելու համար
Վենեսուելան կդիմի Միացյալ նահանգների ու Կոլումբիայի օգնությանը՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա իրականացված հարձակման հետաքննությանն աջակցելու համար։ Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Թարեք Ուիլյան Սաաբը, գրում է РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ այժմ վենեսուելական դատախազությունն աշխատում է ԱՄՆ-ին ու Կոլումբիային ուղղվելիք պաշտոնական դիմումի վրա։ Վենեսուելական կողմը կառաջարկի հարևան երկու երկրներին համագործակցել իրենց հետ սկսված հետաքննության շրջանակներում։
Ըստ գլխավոր դատախազի՝ այժմ արդեն հստակեցված է 19 անձանց ինքնությունը, որոնք մասնակից են եղել անօդաչու սարքերով կազմակերպված մահափորձի ծրագրին։
Ավելի վաղ Վենեսուելայում կայացած շքերթի ժամանակ պայթուցիկներով դրոններ էին հայտնվել, որոնց պայթյունի հետևանքով 7 զինվորական տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել։ Ինքը՝ Մադուրոն, չէր տուժել։










