Մինչ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները սրվում են՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Թրամփի հետ դեմառդեմ հանդիպում ունենալ. Washington Free Beacon-ի անդրադարձը

17:47 • 08.08.18

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվացնում է ջանքերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեմառդեմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար: Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում նաև ԱՄՆ Կոնգրեսում, որի մոտ 50 անդամ ստորագրել է Հայաստանի առաջնորդի հետ հանդիպում կազմակերպելու հարցով Սպիտակ տանն ուղղված խնդրագիրը: Այդ մասին գրում է Washington Free Beacon-ը:

Թրամփի հետ հանդիպման ուղղությամբ ջանքերը տեղի են ունենում Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև լարվածության սրման ֆոնին: Օրերս ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալության պատճառով: Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին Փաշինյանի հետ հանդիպման կողմնակիցները հնարավորություն են տեսնում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խթանման համար:

Մինչ ամերիկացի հոգևորականը շարունակում է պահվել թուրքական բանտում, ԱՄՆ-ն հնարավորություն ունի ամրապնդելու իր կապերը Հայաստանի՝ Թուրքիայի գլխավոր դիվանագիտական հակառակորդներից մեկի հետ:

Հեղինակը հիշեցնում է, որ Փաշինյան-Թրամփ հանդիպումից բացի, կոնգրեսականները Թրամփի վարչակազմին կոչ են անում նաև բարձրաստիճան դիվանագիտական բանակցություններ անցկացնել Հայաստանի նոր կառավարության հետ:

Թրամփի վարչակազմը չի մեկնաբանել կոնգրեսականների դիմումը՝ հրաժարվելով պատասխանել հնարավոր հանդիպման մասին Washington Free Beacon-ի հարցերին:

Պետքարտուղարության պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ գերատեսչությունում «դիտարկում և պատշաճ կերպով արձագանքում են Կոնգրեսից բոլոր նամակներին», բայց հրաժարվել է այլ մեկնաբանություն տրամադրել:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը նույնպես հրաժարվել է մեկնաբանել հարցը:

Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը հայտնել է Washington Free Beacon-ին, որ Սպիտակ տունը պետք է որսա պահը և Հայաստանի հետ նոր հարաբերություններ կառուցի:

«Այն պահին, երբ Թուրքիան շրջվում է ԱՄՆ-ից և արտաքին քաղաքականությունում մեր ազգային շահերից, Հայաստանն անում է իր ուժերից բխող ամեն բան ձիթենու ճյուղ պարզելու և Ամերիկայի հետ է՛լ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար: Նախագահ Թրամփը պետք է ողջունի դա և հետ չկանգնի Էրդողանի առաջ»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած նամակը, որին աջակցել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարները և որը ստորագրել է Կոնգրեսի 48 անդամ, հուլիսի 30-ին ուղարկվել է նախագահ Դոնալդ Թրամփին: Նամակը կոչ է անում ԱՄՆ առաջնորդին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայ-ամերիկյան երկխոսությունը և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ջանքերի շրջանակում: 

«Պարո՛ն նախագահ, մենք կոչ ենք անում Ձեզ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ այցի ընթացքում»,- ասված է կոնգրեսականների նամակում: