Սարդինիայում զբոսաշրջիկը տուգանվել է 1000 եվրոյով՝ լողափերից մեկից ավազ գողանալու համար

13:14 • 09.08.18

Իտալական Սարդինիա կղզում կարաբիներները հազար եվրոյով տուգանել են զբոսաշրջիկի՝ լողափերից մեկից ավազ գողանալու համար: Ուշագրավ միջադեպին անդրադարձել է The Guardian-ը:

Իտալիայի 40-ամյա քաղաքացին, որը մշտական բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում, պատրաստվում էր որպես հուշանվեր տուն տանել լողափում շշի մեջ հավաքած ավազը, ինչի համար էլ տուգանվել է:

Նշվում է, որ անցած տարի Սարդինիայում օրենք է ընդունվել, որի համաձայն լողափից ավազ տանելը հավասարեցվում է գողությանն ու պատժվում 500-ից 3.000 եվրո տուգանքով:

Կղզու իշխանությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունները կարծում են, որ սա վնասում է Սարդինիայի էկոլոգիային, որը հայտնի է իր լողափերով ու առափնյա գոտու մաքրությամբ: Հաշվարկների համաձայն՝ ամեն տարի զբոսաշրջիկները տոննաներով արժեքավոր ավազ են տանում իրենց հետ:

Հատկանշական է, որ հանգստի կանոնների խստացումը վերաբերում է ոչ միայն ավազի գողությանը. երեկ Սարդինիայի ոստիկանությունը 600 եվրոյով տուգանել է գերմանացի զբոսաշրջիկի, որն ամենագնացով լողափ է գնացել ու խրվել ավազի մեջ: