Պաղեստինցի գրոհայինները 70 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

02:36 • 09.08.18

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Գազայի հատվածից շուրջ 70 հրթիռի արձակման մասին, որոնցից 11-ը հաջողվել է որսալ, գրում է РИА Новости-ն:

Առավել մեծ վնաս է հասցրել առաջին համազարկը Սդերոտ սահմանամերձ քաղաքի ուղղությամբ, որտեղ տան հրթիռակոծման հետևանքով առնվազն երկու տեղացի է վիրավորվել:

«Ներկա պահի դրությամբ ֆիքսվել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մոտ 70 հրթիռի արձակում: «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է դրանցից 11-ը»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Տվյալների համաձայն՝ հրթիռների մեծ մասն ընկել է սահմանամերձ անապատային հատվածներում և որևէ վնաս չի հասցրել: Կրակահերթին իսրայելցիները պատասխանել են պաղեստինցի գրոհայինների օբյեկտների ուղղությամբ հասցված ավիահարվածներով: