Առնվազն 42 զոհ. Հրվ. Կորեան պատուհասել է վերջին 111 տարվա ընթացքում ամենասաստիկ շոգը
Հարավային Կորեայում հաստատվել է վերջին 111 տարվա ընթացքում ամենաշոգ եղանակը, ինչի հետևանքով մահացել է առնվազն 42 մարդ, հայտնում է The Guardian-ը:
Զոհերի մեծ մասը գրանցվել է տարեցների ու կարիքավորների շրջանում:
Պարբերականը մանրամասնում է, որ հարավկորեական իշխանությունները սկսել են շոգի հետևանքով տեղի ունեցած մահացության դեպքերը գրանցել 2011թ. սկսած: Այդ ժամանակվանից ի վեր այս տարվա ցուցանիշը եղել է ռեկորդային:
Ընթացիկ տարվա մայիսից մինչև հիմա Հարավային Կորեայում շոգի հետ կապված հիվանդությունների պատճառով հոսպիտալացվել է ավելի քան 3.400 մարդ:
Հայտնի է, որ անցած շաբաթ մայրաքաղաք Սեուլում գրանցվել է +40 աստիճան:
Այժմ իշխանությունները մտադիր են ընդունել նոր օրենք, համաձայն որի՝ սաստիկ շոգը պետք է հայտարարվի բնական աղետ, որի հետևանքով մահացածների բարեկամները կարող են ֆինանսական փոխհատուցում ստանալ:
Բացի այդ, նրանք ամռան ամիսներին կրճատել են էլեկտրաէներգիայի սակագինը, որպեսզի մարդիկ առանց մտավախության օդորակիչներ օգտագործեն ու զովանան:










