Չինացի բժիշկները հիվանդի ստամոքսից 87 հատ մեխ են հեռացրել

13:16 • 10.08.18

Չինական Չենչժոու քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները հիվանդի ստամոքսից 87 հատ մեխ են հանել, հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել անպատասխան սիրո պատճառով:

Տղամարդը մեխերը կուլ է տվել հյուրանոցային համարում գտնվելու ժամանակ: Այնուհետև հյուրանոցի տերը շտապօգնություն է կանչել: Տղամարդը բժիշկներին ասել է, որ որովայնի հատվածում սուր ցավ է զգացել մի քանի բլիթ ուտելուց հետո:

Սակայն հիվանդին բուժհաստատություն տեղափոխելուց ու հետազոտելուց հետո պարզվել է, որ նրա ստամոքսում բազմաթիվ մետաղական իրեր կան:

Վիրահատությունը տևել է 4 ժամ: Այդ ընթացքում նրա որովայնից հանվել է 4 և 5 սմ երկարությամբ 87 հատ մեխ:

Թեև հիվանդը չի մեկնաբանել իր արածը, սակայն վիրահատությունից առաջ նա բուժքույրերից մեկին նամակ է տվել՝ խնդրելով այն փոխանցել սիրած աղջկան: Հայտնի է, որ տղան որբ է, նրան մեծացրել են տատն ու պապը, այդ պատճառով նա շատ զգայուն ու խոցելի բնավորություն ունի: