Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի

01:41 • 10.08.18

Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի. հիվանդանոցում մահացել է ևս մի տուժած: Այս մասին գրում է РИА Новости-ն` Հունաստանի հրշեջ ծառայությանը հղումով:

Նշվում է, որ հիվանդանոցում մահացել է մի 78-ամյա կին, ով այրվածներ էր ստացել հրդեհների հետևանքով:

«Արևելյան Ատտիկայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը ներկա պահին 93-ն է»,- ասվում է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ: Տվյալների համաձայն` հրդեհների ժամանակ ստացած այրվածքներից հիվանդանոցներում մահացել է 10 մարդ:

Ոստիկանության տվյալներով` զոհվածներից 82-ի ինքնություններն արդեն պարզված են, սակայն կան երկուսը, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ և որոնց համար հարազատները չեն դիմել:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում: