Իրաքն Իրանի հետ առևտրում կհրաժարվի դոլարից՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով

10:44 • 10.08.18

Իրաքն Իրանի հետ գործարքներում ստիպված կլինի հրաժարվել դոլարից՝ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիսին:

«Պատժամիջոցները կանդրադառնան նախևառաջ դոլարով դրամական փոխանցումների և բանկային գործարքների վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ամերիկյան արժույթից հրաժարվելը երկկողմ առևտրում անկում կառաջացնի, ինչն իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ սպառողի վրա:

«Իհարկե, պահպանել առևտրային հարաբերությունների մակարդակը, որ եղել է մինչ պատժամիջոցները, չի ստացվի»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, ալ-Հադիսին վստահեցրել է, որ կառավարությունը «նոր մեխանիզմ» է որոնում երկկողմ առևտրի աջակցման համար:

«Ցանկացած դեպքում կառավարությունը կձգտի լուծել այդ առնչությամբ առաջացած բոլոր խնդիրները, կզբաղվի համապատասխան մեխանիզմների որոնմամբ, որպեսզի չեզոքացնի Իրաքի շուկայի վրա պատժամիջոցների ազդեցությունը, ինչպես նաև թույլ չտա վնասել Իրանի քաղաքացիների շահերը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրաքի իշխանությունները դադարեցրել են Իրանի ֆինանսական հաստատությունների հետ բանկային փոխանցումները՝ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո: Հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրաքի կենտրոնական բանկ է ուղղել նամակ, որում պարտավորեցրել է իրաքյան բանկերին «դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության բանկերի հետ բոլոր գործարքները»՝ սպառնալով «սառեցնել նրանց ակտիվները և «սև ցուցակում» ներառել»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի դեմ նախկին պատժամիջոցները վերականգնելու մասին: