Դուրս եկեք փողոց, տեսեք, թե որքան դրական էներգիա է կուտակվել «Թավշյա հեղափոխությունից» հետո. նախարարը՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին (տեսանյութ)

12:46 • 10.08.18

«Քայլ դեպի տուն» ծրագրի բացման արարողությանը ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական սփյուռքի տարբեր օջախների ներկայացուցիչներին կոչ արեց հայրենիքում պատմամշակութային վայրեր այցելելուն զուգընթաց դուրս գալ փողոց, շփվել մարդկանց հետ և տեսնել, թե հեղափոխությունից հետո Հայաստանում դրական ինչ էներգետիկա է կուտակված:

«Մեր պետությունը ևս ձեզ սիրելու է: Բայց ուզում եմ, որ դուք բացի այն, որ այցելելու եք տարբեր պատմաշակութային վայրեր, երբեմն դուրս գաք և շփվեք մարդկանց հետ: Տեսնեք, թե որքան դրական էներգետիկա է կուտակվել «Թավշյա հեղափոխությունից» հետո: Խոսե՛ք, զրուցե՛ք, կիսվե՛ք, ճանաչե՛ք ձեր հայրենակիցներին: Դուք կսիրեք իրենց»,- կոչ արեց Մխիթար Հայրապետյանը:

Նա հավելեց, որ չգիտի՝ երբ՝ 1-2-3 տարի անց, Հայաստանում, թե այլուր, նրանց մի մասի հետ դեռ հանդիպելու է: Բայց գիտի, որ անձամբ ու իր թիմն անելու են ամեն բան, որ դահլիճում նստած սփյուռքահայերից շատերը տեղափոխվեն Հայաստան:

«Բայց նրանք, ովքեր կրկին կվերադառնան իրենց երկրներ, նրանց ուղղակի մի բան եմ ուզում ասել: Եթե գա մի օր, երբ դուք կկարոտեք և դուք նեղացած կլինեք աշխարհից, տխուր կլինեք, ուղղակի ուզում եմ՝ մի բան լավ հիշեք ու մտաբերեք՝ դուք այստեղ հյուրեր չեք: Դուք տանտիրոջ կարգավիճակով եք: Եվ որ կա մի փոքր պետություն, բայց մեծ ներուժով, 42 հազար կիլոմետր տարածքով, որը սպասելու է ձեզ: Շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ»,-Մխիթար Հայրապետյանի այս հուզական ելույթը մի քանի անգամ ընդհատվեց բուռն ծափողջյուններով:

Այնուհետև սփյուռքի նախարարի եղբայր «Հայկ Ստվերը» կատարեց «Թավշյա հեղափոխության» հիմնը դարձած «Իմ քայլը» երգը:

Հիշեցնենք, որ այսօր Հայ-ռուսական համալսարանում մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման միջոցառումը: Ծրագիրը, որն իրականացվելու է օգոստոսի 10-24-ը իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը,նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար և ունի 2 բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն): 

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ:

Նախատեսված են հանդիպումներ պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր: