Իտալիայում բուժքույրը 600 հազար եվրո է ժառանգել բժշկական կենտրոնին, որտեղ աշխատել է

23:56 • 12.08.18

Իտալիայի Տրիեստ քաղաքում հիվանդանոցի աշխատակիցն իր հաստատությանը թողել է 600 հազար եվրոյի ժառանգություն-նվիրատվություն, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով տեղական il Piccolo գործակալությանը:

Նախկին բուժքույր Մարիա Բոլոննան անցյալ տարի է մահացել 95 տարեկան հասակում: Հիվանդության պատճառով միակ որդու մահից, ապա և ամուսնու մահվանից հետո նա մնացել է առանց հարազատների և որոշել իր բոլոր խնայողությունները տալ հիվանդանոցին, որտեղ նա աշխատել է ամբողջ կյանքի ընթացքում:

Բյուրոկրատական գործընթացները մի քանի ամիս են տևել, բայց, ի վերջո, գործընթացը հաջողությամբ է ավարտվել:

600 հազար եվրոն ներդրվել է բժշկական կենտրոնի 2018-2020 թվականների  բյուջեում: Նրանք կուղղվեն նոր զգեստապահարան կառուցելու, ճաշասենյակի վերանորոգման, ինչպես նաև արյան փոխներարկման կենտրոնի նոր սարքավորումներ ձեռքբերելու համար: