Ն․ Փաշինյանն ի սկզբանե հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և օր առաջ պետք է ազատ արձակվի, բայց նա իր խոստումները չի կատարում․ Շահեն Հարությունյան
Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այլևս չենք ազդելու դատական գործընթացների վրա, զանգով չենք ազատելու ոչ մեկին, կոնկրետ Շանթ Հարությունյանի գործի դեպքում դա աբսուրդ է։
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց 6 տարվա ազատազրկման դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
Շահեն Հարությունյանի խոսքով՝ սխալ է Շանթ Հարությունյանի գործն իրավական հարթության մեջ քննելը, քանի որ, ըստ նրա՝ այն նախորդ իշխանությունների կողմից հրահանգավորված շինծու, քաղաքական գործ է։
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք չենք խառնվելու, այլ գործելու է օրենքը, և քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի գործը տեղափոխվում է իրավական հարթություն, ըստ էության, լեգիտիմացնում է նախորդ իշխանության կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը։ Նիկոլ Փաշինյանը նույն ձևով պետք է Շանթ Հարությունյանի դեպքում գործի, ինչպես, օրինակ, նա ազատ արձակեց իր շարժման՝ «թավշյա հեղափոխության» մասնակիցներին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրինակ, քաղաքական իրավիճակի փոփոխությամբ ազատ են արձակվել մի քանի ձերբակալվածներ՝ ներկայիս անվտանգության խորհրդի քարտուղարը, պետական վերահսկողության ծառայության պետը և այլ ցուցարարներ։ Ընդ որում, նրանց կատարած «հանցանքը» ավելի ծանր է, քան պարզապես Մաշտոցի պողոտայում, մի քանի փայտով բախման մեջ մտնել ոստիկանության ներկայացուցիչների հետ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 2014 հոկտեմբերի 17-ին նա դատապարտվել 6 տարվա ազատազրկման։
«Անձամբ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և օր առաջ պետք է ազատ արձակվի։ Հարյուրավոր, հազարավոր մարդիկ եկել են հրապարակ՝ չսիրելով Նիկոլին, չսիրելով նրա տարած քաղաքական գիծը, քննադատելով և չընդունելով որպես քաղաքական առաջնորդ, դուրս են եկել փողոց ինչ-ինչ հարցերի համար։ Անձամբ ես Նիկոլ Փաշինյանին չեմ ընդունել որպես իմ քաղաքական առաջնորդ, բայց ես մի քանի նպատակների համար կանգնել եմ նրա կողքին, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, երկրորդ՝ Շանթ Հարությունյանի ազատ արձակումը և այլն։ Եվ հիմա նա իր խոստումները չի կատարում։ Չնայած որ լավ հարաբերություններ ունեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց քննադատությունս ուղղված է հենց նրան։ Հուսամ՝ քաղաքական դիկտատուրա չի հաստատվել մեր երկրում, որ քննադատությունը դիտվի որպես հանցանք»,- նշեց Շահեն Հարությունյանը։
Նա հայտարարեց, որ սուտ են բոլոր այն լուրերը, թե Շանթ Հարությունյանին առաջարկել են ազատություն, իսկ նա հրաժարվել է։ Շանթ Հարությունյանը ցանկանում է ազատ արձակվել, բայց միայն արդարացմամբ։
«Ի սկզբանե հենց խոսք է եղել ենթադրյալ համաներման մասին, որը անհատական չի լինում, այլ պետական համաներման մասին է խոսքը, որը վարչապետի, նախագահի և Ազգային ժողովի կողմից կատարվող գործառույթ է, որից չի օգտվում կոնկրետ քաղբանտարկյալ կամ կալանավոր, այլ օգտվում է որոշակի հոդվածների տակ ներառված կալանավորների խումբ։ Հենց ենթադրյալ համաներման մասին է եղել խոսքը, որ Շանթ Հարությունյանը չի ընդունում համաներման տարբերակը, այլ ցանկանում է բանտից դուրս գալ արդարացման ճանապարհով։ Բայց այնպես չի եղել, որ Շանթ Հարությունյանին առաջարկել են ազատ արձակում և նա հրաժարվել է։ Թող առաջարկեին, հետո նոր Շանթ Հարությունյանը հրաժարվեր, բայց նրան ոչինչ չի առաջարկվել»,- ասաց Շահեն Հարությունյանը։










