Թալանված հանրային ունեցվածքի վերադարձի գործիքը այլ երկրներում հաջողությամբ կիրառվել է․ տեսնենք՝ գործող իշխանությունը պատրա՞ստ է այդ գումարները հետ բերել. Վ․ Խաչատրյան

15:47 • 12.08.18

Հասարակությունում մեծ ցանկություն կա բոլորին բռնելու, գումարները վերցնելու, բայց այդ գումարները հետ բերելն իր բացասական հետևանքն ունի՝ ներդրողների, գործարարների առումով։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Կառավարությունը պաշտոնապես Հայաստանից թալանված հանրային ունեցվածքի վերադարձի գործընթաց է սկսում, որը ողջունելի է, միանշանակ։ Ողջունելի է այն առումով, որ հասարակության մեջ այդ ցանկությունը կա՝ բոլորին բռնելու, այդ գումարները հետ բերելու, բայց դա իր բացասական հետևանքն ունի՝ ներդրողների, գործարարների առումով։ Բոլորը պետք է հասկանան, որ ՀՀ-ում ցանկացած գործընթաց, նույնիսկ եթե դա ուղղված է ամենահայտնի դեպքերին, պետք է կատարվի օրենքի շրջանակներում։ Ոչ թե վերցնեն, բռնագրավեն, այնպես, ինչպես տեղի ունեցավ 1917 թ․-ին սոցիալիստական հեղափոխության անվան տակ»,- նշեց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ  դիմել է Համաշխարհային բանկի ղեկավարությանը՝ Հայաստանից թալանված հանրային ունեցվածքի վերադարձի հարցով: Նշվել է Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված Stolen Asset Recovery Initiative-ը՝ որպես գործիք:  

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Համաշխարհային բանկի այս գործիքը մինչ այս հաջողությամբ օգտագործվել է լատինամերիկյան և աֆրիկյան երկրներում։

«Այստեղ մի խնդիր է առաջանում, զուտ ժամանակի առումով։ Դիմում են, հետո իրենք քննարկում են, իրենք այդ քննարկումից հետո հանձնախումբ են ուղարկում, այդ հանձնախումբը գալիս, նախնական ուսումնասիրություններ է կատարում, որից հետո կոնկրետ գործողություններ են սկսում։ Մոտ 6 ամսվա իներցիայով կգնա, մինչև արձագանք լինի, կազմվի, մեկ տարին նվազագույն ժամանակահատվածն է մինչ այն պահը, երբ կսկսի աշխատել այդ հանձնախումբը»,- նկատեց նա։

Թե որքանով արդյունավետ կլինի Հայաստանի պարագայում հանրային ունեցվածքի վերադարձի գործընթացը, Վ․ Խաչատրյանը դժվարացավ ասել․ պետք է հստակ տվյալներ ձեռք բերվեն, թե որ պաշտոնյայի մասին է խոսքը, ինչպիսի գործարքի արդյունքում նա ինչ է ձեռք բերել, ֆինանսական հոսքերը որ երկիր են գնացել, և այլն։

«Կարելի է սկսել լեռնահանքարդյունաբերությունից, որովհետև 2 շաբաթ առաջ հայտարարվեց, որ 14 կազմակերպություններ մի կենտրոնից են ղեկավարվում, և բոլորի հաշիվները գտնվում են օֆշորային գոտիներում։ Մենք բոլորս սպասելիքներ ունենք՝ ինչպես իշխանությունը, Կառավարությունը, այնպես էլ քաղաքացիները, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ իսկապես Հայաստանում 20 տարիների ընթացքում տեղի է ունեցել լուրջ գումարների, պետական ունեցվածքի հափշտակություն, այդ գումարների զգալի մասը տեղափոխվել է դուրս, այնտեղ անշարժ գույք, բիզնես է դարձել կամ ուղղակի հաշիվներում է նստած։ Եվ հիմա բոլորիս սպասելիքն է, թե գործող իշխանությունն արդյոք պատրաստ է այդ գումարները հետ բերել»,- ընդգծեց տնտեսագետը։

2015թ.-ի դեկտեմբերին 8-ին լույս տեսավ Global Financial Integrity (GFI) կազմակերպության կողմից հրապարակվող Համաշխարհային անօրինական ֆինանսական հոսքերի 2015թ.-ի զեկույցը, որտեղ ամփոփված են 2004-2013 թթ. ընթացքում աշխարհի 149 երկրների ապօրինի ֆինանսական հոսքերի ցուցանիշները: Ըստ այդ զեկույցի` Հայաստանից ապօրինի ֆինանսական հոսքերը 2004-2013 թթ. կազմել են 9.8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հոսքը կազմել է 983 մլն ԱՄՆ դոլար: Միայն 2013թ.-ին ՀՀ-ից անօրինական արտահոսքը կազմել է 1 մլրդ 848 մլն ԱՄՆ դոլար: 

«Շատ տպավորիչ էին այդ թվերը։ Նշվում է, որ անօրինական ֆինանսական հոսքեր են տեղի ունեցել. դա էլ պետք է բացվի, թե ինչ է դա նշանակում։ Կարծում եմ՝ խոսքը ոչ միայն այդ տարիներին անօրինական ֆինանսական հոսքերի մասին է, այլ նաև անօրինական հարստացման դեպքերի մասին է։ Համաշխարհային բանկին դիմելու ենթատեքստում նաև դա կա։ Ի վերջո, այդ մարդիկ երբ որ սկսեն զբաղվել, իրենց համար հիմք պետք է լինի սա»,- ասաց Վահագն Խաչատրյանը։

Հարցին, թե հնարավոր է անօրինական դուրս բերված գումարն ամբողջությամբ հետ բերել, տնտեսագետը պատասխանեց․ «Չեմ ուզում գնահատականներ տալ ամբողջ գումարի մասով, բայց որ այդ գումարի եթե նույնիսկ 10 տոկոսն է մտնում, դա արդեն 900 մլն դոլարից ավելի է։ 2020 թ.-ին ՀՀ-ն պետական պարտքի գծով վճարումներ պետք է կատարի։ Եթե այս գումարները հետ բերվեն, դրանք էական օգնություն կլինեն իշխանությանը իրենց սոցիալական և տնտեսական ծրագրերն իրականացնելու համար, մենք էլ կզգանք, որ մեր կյանքում փոփոխություն է տեղի ունեցել»։