Ակտաու քաղաքում կայացել է «Կասպյան հնգյակի» երկրների ղեկավարների հանդիպումը. ստորագրվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր

14:48 • 12.08.18

Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր: Դրա շուրջ աշխատանքները տարվել են 22 տարի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փորձագետները հռչակագիրն անվանում են Կասպից ծովի «սահմանադրություն»:

Հռչակագրի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանուղլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Գագաթնաժողովին երկրների ղեկավարները քննարկելու են նաև «կասպյան հնգյակի» շրջանակներում զարգացման առաջնահերթությունները՝ մինչև այդ ձևաչափով հաջորդ հանդիպումն ընկած ժամանակահատվածում: