Տաջիկստանում ուղղաթիռի վթարից 5 մարդ զոհվել է, 6-ը՝ ծանր վիրավորվել

22:47 • 13.08.18

Վեց ռուսաստանցիներ ստացել են ծանր վնասվածքներ Տաջիկստանի լեռներում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրատվամիջոցին հայտնել է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչը:

Ծանր վնասվածքներ ստացած ալպինիստները տեղափոխել են Դուշանբե ու հոսպիտալացվել:

Մի-8 ուղղաթիռը, որի խցիկում եղել են ալպինիստներ և անձնակազմի երեք անդամներ, կիրակի օրը կոշտ վայրէջք է կատարել լեռներում: Ալպինիստները վերադառնում էին ԽՍՀՄ տարածքի ամենաբարձր լեռնագագաթի՝ Իսմոիլ Սոմոնի վերելքից: Ինքնաթիռում էր գտնվում 13 ռուսաստանցի, բելառուս և իսպանացի, անձնակազմը Տաջիկստանի քաղաքացիներ են եղել: Մահացել է երեք ռուս ալպինիստ և երկու օդաչու: