Լեհական քաղաքում բոլոր ոստիկանները հիվանդանոցային արձակուրդ են վերցրել՝ գերհոգնածության պատճառով
Լեհական Կամեն-Պոմորսկի քաղաքում ոստիկանական ամբողջ անձնակազմը հիվանդանոցային արձակուրդ է վերցրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Onet-ին հղումով։
Նման իրավիճակ է նաև Շչեցին քաղաքում, այնտեղ ոստիկանական մի բաժանմունքում հիվանդացել են բոլոր ոստիկանները, իսկ մյուսում՝ 70 տոկոսը:
Ինչպես նշել է «Համերաշխություն» անկախ արհմիության նախագահ Ռաֆալ Յանկովսկին, պատճառ է դարձել աշխատողների պակասը և որպես հետևանք՝ արտաժամյա աշխատանքը և գերհոգնածությունը: Բացի այդ, ամռանն ավանդաբար ավելի շատ աշխատակիցներ են գնում արձակուրդ:
Արհմիությունում ընդգծել են, որ Կամեն-Պոմորսկիում և Շչեցինում իրավիճակը գործադուլ չէ, այլ հետևանք այն բանի, որ «մարդկային դիմացկունությունն էլ սահմաններ ունի»:










