Արտահերթ ընտրությունների համար չպետք է սպասել մինչև գարուն. Արա Պապյան (տեսանյութ)

13:03 • 15.08.18

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը և նշեց, որ առաջադրված մեղադրանքը դժվար ապացուցելի է, իսկ, օրինակ՝ ապօրինի հարստացման վերաբերյալ մեղադրանքները հեշտ ապացուցելի են:

Ամեն դեպքում, նա ճիշտ չհամարեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը, քանի որ ինքը ևս պատրաստվում էր լսել, թե ինչ կասի երկրորդ նախագահը: «Անկախ նրանից՝ ինչ վերաբերմունք ունեն անձի նկատմամբ, ես կարծում եմ, որ բոլորը պետք է արտահայտվեն, Քոչարյանը շատ բան գիտի, և նա այն մարդկանցից չէ, որ միայնակ խորտակվի»,-ասաց նա:

Արա Պապյանը չի կարծում, որ ասուլիսի տապալումը գործող իշխանության կողմից է ուղղորդվել, նրա լսած մեկ այլ կարծիքի համաձայն էլ՝ հենց Քոչարյանի կողմից է ուղղորդվել, որ նա հարցերին չպատասխանի: Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա խոսել, ապա այսօր էլ կարող է կազմակերպել ասուլիս, ուղիղ եթեր մտնել, և հասարակությունն իմանա Մարտի մեկի և շատ հարցերի մասին: Նա նկատեց, որ դեռ Վճռաբեկ դատարանն էլ կարող է որոշում կայացնել:

Ըստ նրա՝ երբ ասվում է, թե նա անձեռնմխելի է, սխալ է, և միայն իր կարգավիճակից բխող գործունեությունից բացի, մնացած բոլոր հացերում պատասխանատու է, ինչպես բոլոր քաղաքացիները: «Ուղղակի առաջադրված մեղադրանքը դժվար ապացուցելի է, Վճռաբեկը պետք է հարցը քննարկի, Հատուկ քննչական ծառայությունը կարող է շատ այլ մեղադրանքներ առաջադրել, բազմաթիվ հանցագործություններ կան»,-ասաց նա:

Նա նշեց, որ կարևորն այն է, որ դատավարությունը պետք  է լինի արդար և մրցակցային: «Ես վստահ եմ, որ դատարանը ինչ որոշում էլ կայացնի, հասարակության մի զգալի մասը չի ընդունելու»,-ասաց նա: Արա Պապյանը նշեց, որ եթե արդարադատությունը «հեռախոսազանգային» լիներ, ապա Քոչարյանին բաց չէին թողնի: «Սակայն կա նաև նախկին իշխանությունից կախված պատասխանատվություն, կա բարոյական պատասխանտվություն,  բարոյական երախտիք: Միակ ելքն այն է, որ հնարավորինս անաչառ դատաքննություն լինի»,-ասաց նա:

Արա Պապյանն ավելի արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում և կարծում է, որ չպետք է սպասել մինչև գարուն արտահերթ ընտրությունների համար, այլ ֆրանկոֆոնիայի միջոցառումներից հետո՝ հոկտեմբերի քսանին պետք է արվի, ինչի արդյունքում կլինի նոր խորհրդարան, նոր դատական համակարգ: Նա նշեց, որ աշնանը ընտրություններ անցկացնելն ունի անվտանգության, տնտեսական, հոգեբանական պատճառներ: