Պուտինը հայտնել է մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման պատրաստակամության մասին

10:03 • 15.08.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հույս ունի, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով։


«Ես հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում՝ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և տարածաշրջանի կարևոր խնդիրները քննարկելու համար»,- գրում է գործակալությունը՝ մեջբերելով Ճապոնիայի գաղութացումից Կորեայի ազատագրման 73-ամյակի առիթով Պուտինի՝ Կիմ Չեն Ընին ուղարկված հեռագիրը։


Հեռագրում նաև ասվում է, որ «երկու երկրների միջև հարաբերություններն ունեն բարեկամական և կառուցողական բնույթ»։


Իր հերթին, Հս. Կորեայի առաջնորդը հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին, որում ասվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճապոնական ռազմատենչության դեմ համատեղ պայքարն «ամուր հիմք է» երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների համար և նպաստում է դրանց հետագա զարգացմանը։