Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերից կրտսերը զղջում է արածի համար. ռուս իրավապաշտպան
Ռուսաստանի նախագահի`երեխաների իրավունքների հարցերով ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան քննչական մեկուսարան է այցելել՝ տեսակցելու հուլիսի 27-ին իրենց հորը դաժանաբար սպանած երեք քույրերից՝ Կրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյաններից կրտսերին:
Ինչպես նշում է cosmo.ru-ն, անչափահասի հետ հանդիպումից հետո իրավապաշտպանն ասել է, որ աղջիկը զղջում է իր արածի համար:
«Մարիայի աչքերում ես տեսա ծանր զղջում, անհանգստություն: Իհարկե, նա հիմա ամենից շատ ուզում է լինել հարազատներից որևէ մեկի՝ մոր կամ քույրերի կողքին: Մենք մեր կողմից կմիջնորդենք, որ մոտ ժամանակներս մայրն այցելության իրավունք ստանա»,-նշել է Կուզնեցովան:
Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել: Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով:
Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:
Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար:












