«Ամերիկյան ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը կապված է թուրքական տնտեսության վրա ԱՄՆ-ի հարձակման հետ». Թուրքիայի փոխնախագահ

11:35 • 15.08.18

Թուրքիա մի շարք ամերիկյան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերի բարձրացումը կապված է թուրքական տնտեսության վրա ԱՄՆ-ի հարձակման հետ։ Այդ մասին, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ 


Հիշեցնենք, որ Թուրքիան ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը։ ԱՄՆ-ից ծխախոտի ներկրման մաքսատուրքն ավելացել է 60%-ով, ալկոհոլինը՝ 140%-ով, մեքենաներինը՝ 120%-ով: Բացի այդ, ավելացել են բրնձի, մրգերի, կոսմետիկ պարագաների և մի շարք այլ ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը:


«Մեր ժողովուրդն այս ծանր օրերին համախմբվելով մեր առաջնորդի շուրջ՝ համախմբվել է նաև միջազգային հանրության հետ՝ հանդես գալով ԱՄՆ-ի վարքագծի դեմ»,- գրել է նա Twitter-ում։


Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը կբոյկոտի Միացյալ Նահանգներում արտադրվող էլեկտրատեխնիկան:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:


Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատացման հետևանքով թուրքական լիրան կտրուկ անկում է արձանագրել: Սակայն Էրդողանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում օտարերկրյա արժույթին անցում կատարելը կնշանակի «հանձնվել թշնամուն»:


Նշվում է, որ երկուշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկի ձեռնարկած անհրաժեշտ քայլերի արդյունքում լիրայի անկումը դոլարի նկատմամբ դադարել է: