100 օրում դատական համակարգում գլոբալ առումով փոփոխություն չի եղել, փաստաբանների ու դատավորների վրա ճնշումներն էլ շատ բացասական երևույթ են. Ե. Վարոսյան
Նոր իշխանության կառավարման 100 օրվա ընթացքում դատական համակարգում գլոբալ առումով փոփոխություն տեղի չի ունեցել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ ամփոփելով կառավարության 100 օրն արդարադատության ոլորտում:
-Պարոն Վարոսյան, գործող իշխանությունը, երբ նախկինում ընդդիմություն էր, բազմիցս էր նշում դատական համակարգում տիրող անարդարության մասին: Ի՞նչ է փոխվել նոր իշխանության կառավարման 100 օրվա ընթացքում արդարադատության ոլորտում:
-Գլոբալ առումով կարելի է ասել, որ դատական համակարգում ոչինչ չի փոխվել:
-Պարոն Վարոսյան, նախկինում բազմիցս նշել եք, որ քանի դեռ Վճռաբեկ դատարանի նախագահն Արման Մկրտումյանն է, ոչինչ չի փոխվի: Այս ընթացքում Արման Մկրտումյանը հրաժարական տվեց։
-Դա պատճառներից մեկն էր: Ճիշտ է՝ Արման Մկրտումյանը հրաժարական է տվել, բայց մինչև հիմա էլ չունենք Վճռաբեկ դատարանի նախագահ, որպեսզի հասկանանք, թե առհասարակ ուր ենք գնում: Մենք ունենք Բարձրագույն դատական խորհուրդ, որը ձևավորվել էր նախորդ իշխանության ժամանակ, որը պետք է ձևավորեր նախկին իշխանություններին հաճո դատական համակարգ, հիմա էլ այդ կառույցը գոյություն ունի, և բացարձակ անհասկանալի է, թե այդ կառույցն ինչով է զբաղվում, բացի շատ մութ ու գաղտնի հանգամանքներում դատավորներ ընտրելուց և իրենց ընտրությունը չեղարկելուց: Կարող ենք ասել, որ անորոշություն է տիրում դատական համակարգում, և որևէ ռեալ տեղաշարժ ու փոփոխություն այս պահի դրությամբ դեռ չկա:
-Դատական համակարգից զատ մեկ այլ երևույթ է ի հայտ եկել՝ վարկաբեկել փաստաբաններին, սպառնալ և այլն: Սա, համամի՞տ եք, որ վերջին 100 օրում է ի հայտ եկել, և ինչպե՞ս է այն վերացվելու:
-Դա ինքնին շատ բացասական երևույթ է. հարձակումներ, ճնշումներ, վիրավորանքներ՝ ուղղված թե՛փաստաբաններին, թե՛ այս կամ այն դատավորին: Ես հույս ունեմ, որ դա ուղղակի պահի թելադրանք է: Հույս ունեմ, որ առնվազն ընտրություններից հետո մենք այս պատկերն էլ չենք ունենա: Իսկ եթե ոչ, մենք չենք ունենա փաստաբաններ, եթե չունենանք փաստաբաններ, չենք ունենա արդարադատություն, եթե ունենանք Ֆեյսբուքից վախեցող դատավորներ, կրկին չենք ունենա արդարադատություն:
-Իսկ ի՞նչ է փոխվելու ընտրություններից հետո, որ նման երևույթ չլինի:
-Սովորաբար ընտրություններից հետո իրավիճակը հանդարտվում է, և մարդիկ ավելի շատ իրական բաներ են սկսում ակնկալել, քան երևակայական, թե ով ի՞նչ բառ ու տառ ասաց և այլն:
-Իսկ ի՞նչ կարող էր փոխել 100 օրվա ընթացքում, որ չի արվել:
-Օրինակ՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լուծարվեր, ինչպես դա կարվեր, ինչպես կլուծարվեր, ինչ միջոցներով: Ասեմ,որ մենք տեսնում ենք, որ շատ ու շատ պաշտոնյաներ ինչ-ինչ հանգամանքների բերումով նաև հրաժարական են տալիս, մինչև պետության մեջ չձևավորվի դատական համակարգ, մենք չենք ունենալու առաջընթաց, 700 հատ իշխանություն փոխվի, եթե չկա դատական համակարգ, պետության առանցքը գոյություն չի ունենալու, ամենասկզբում պետք է ձեռնամուխ լինել դրա ձևավորմանը, իսկ դա ձևավորել այսօր առկա դատավորներով կամ դրանց գերակշիռ մեծամասնությամբ, այն էլ Գագիկ Հարությունյանի միջոցով, կներեք, դա ծիծաղելի է:
-Այդ դեպքում ի՞նչ անել, կա՞ն այդքան պատրաստի կադրեր, որպեսզի փոխվեն դատավորները:
-Կա համաշխարհային փորձ, կան շատ երկրներ, որտեղ ռադիկալ փոփոխությունների են գնացել դատական համակարգ ունենալու համար և ոչ միայն: Երբեք ոչ մի պետությունում չեն լինում պատրաստի դատավոր կադրեր, որոնք փոխարինող ֆուտբոլիստի նման պատրաստի նստել են պահեստային նստարանին և սպասել են, թե երբ են իրենց փոխարինելու, չկան կադրեր, թող բերեն երիտասարդ, նորավարտ իրավաբանների, թող սխալվելով, բայց սովորեն, որ իրենք արդարադատություն իրականացնող են: Այս՝ գործող դատավորներն ուրիշ կերպ չեն կարող, այլ կերպ աշխատել չեն կարող, մեծամասնությունը վճիռը գրում է մտածելով, ելնելով նրանից, թե ով ում ընկերն է, ինքը ում ընկերն է, իրեն ով ասաց, բա իրեն ով պիտի խնդրի, էլ չեմ ասում կոռուպցիոն ռիսկերի մասին: Այս դատավորները, որոնք փոխկապակցված են եղել շատ մարդկանց հետ, իրենցից ի՞նչ ակնկալել, դա անհնար է, այդ կադրերով առաջ գնալն անհնար է:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես դատարանների անկախ լինելու փաստարկ, նշում է, որ դատարանները չեն հրահանգավորվում Բաղրամյան 26-ից , սա բավարար չէ՞ անկախ գործելու համար:
-Ինքը ճիշտ է հայտարարում, դա առաջին նախադրյալն է, որ դատական համակարգը լինի անկախ, բայց ես ունեմ մի բայց. պետք է լինի դատական համակարգ, որ այն դառնա անկախ, եթե դու չունես դատական համակարգ, զանգես, չզանգես, այդ համակարգը ճիշտ չի աշխատելու:
-Նախադրյալներ ստեղծվե՞լ են 100 օրում, որ ապագայում դատական համակարգում փոփոխություններ լինեն, թե՞ կրկին դրանք պայմանավորում եք Բարձրագույն դատական խորհրդով:
-Պետք է պայմանավորել ԲԴԽ-ով, որովհետև Հրայր Թովմասյանի գրած և կեղծիքներով անցկացված նոր սահմանադրության համաձայն՝ այդ մարմնին են տվել այդ լիազորությունները, բայց այդ մարմինը դեռ ինքն էլ չի կարող լիազորել, այսինքն՝ նախադրյալ չեմ տեսնելու այնքան ժամանակ, քանի դեռ ԲԴԽ-ում նստած են այն մարդիկ, ովքեր նստած են ու նստած են բոլորիս համար անհասկանալի պատճառներով ու հիմնավորմամբ: Ովքե՞ր են նրանք և ինչո՞ւ են այնտեղ: Նախադրյալ կլինի այն ժամանակ, երբ այդտեղ կլինեն հասարակության համար հասկանալի անձինք, և հասկանալի կլինի, թե այդ անձինք ինչ ուղղության վրա են տեսնում դատական համակարգի զարգացումը:










