ԱՄՆ դեսպանատունը հայ գործարարներին խորհրդատվություն տրամադրելու հարցում որևէ անելիք չունի, դա մեր պետության արժանապատվության խնդիրն է. Վ. Ոսկանյանը՝ Ռ. Միլսի հայտարարության մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մեր գործարարներին խորհրդատվություն տրամադրելու հարցում որևէ անելիք չունի: Մեր պետության արժանապատվության խնդիրն է, որ հայ գործարարները այլ երկրի հետ աշխատելու պարագայում խորհրդատվություն ստանան ՀՀ պատկան մարմիններից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը:
«Կարծում եմ՝ հայտարարությունը պետք է որակել ոչ մասնագիտական: Հայաստանը, այդ թվում՝ հայ գործարարները, Իրանի հետ աշխատում են՝ բացառապես ելնելով սեփական շահերից: Հետևաբար, որևէ անհրաժեշտություն՝ ստանալու խորհրդատվություն որևէ 3-րդ երկրի դեսպանատանը, չկա: Մեր գործարարներն արդեն իսկ հաստատված կապեր ունեն իրանցի գործընկերների հետ և կարող են աշխատել իրենց նախանշած ծրագրերի համաձայն՝ բնականաբար, հաշվի առնելով այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո»,- նշեց իրանագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ իրանցի գործարարների հետ աշխատող հայաստանցի ձեռներեցներին անհրաժեշտ է խորհրդատվություններ ստանալ ԱՄՆ դեսպանատանը։
«Ամերիկյան պատժամիջոցները Հայաստանին վնասելու կամ նրա վրա որևէ կերպ ազդելու նպատակ չունեն։ ԱՄՆ կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը` տնտեսական զարգացման հարցում Հայաստանին աջակցելու տեսանկյունից։ Պատժամիջոցներն ուղղված են բացառապես այն կազմակերպություններին և անձանց, որոնք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործընթացում։ Ավելին` պատժամիջոցներն անդրադառնալու են այդ գործունեության մեջ ներգրավված իրանական կոնկրետ կառույցների և գործարարների վրա»,- հայտարարել է դեսպանը:
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ԱՄՆ դեսպանատունը հայ գործարարներին խորհրդատվություն տրամադրելու հարցում որևէ անելիք չունի. «Եթե կան նման խորհրդատվություններ, դրանք կարելի է հրապարակել հայկական մամուլում, դեսպանատան կայքում, բայց ոչ թե անուղղակիորեն հայ գործարարներին հրավիրել՝ ներկայացնելու իրենց սեփական ծրագրերը Միացյալ Նահանգների դեսպանությանը»:
Իրանագետը դեսպանի հայտարարությանը պաշտոնական Երևանի կողմից արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում:
«Կարծում եմ՝ առանձնապես կարիք չկա որևէ գործողության դիմելու, ուղղակի մեր գործարարները հստակորեն պետք է հասկանան, որ Իրանի հետ և ցանկացած այլ երկրի հետ աշխատելու պարագայում պետք է խորհրդատվությունը ստանան առաջնահերթ կերպով ՀՀ պատկան մարմիններից: Ի վերջո, սա մեր պետության արժանապատվության խնդիրն է՝ անկախ ամեն ինչից»,- ընդգծեց նա:
Վարդան Ոսկանյանը համոզված է, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի Իրանի հետ աշխատող այն հայ գործարարների վրա, որոնք թույլ կապեր ունեն կամ ընդհանրապես կապ չունեն ԱՄՆ-ի հետ. «Պետք չէ հայ գործարար շրջանակներում առաջացնել ավելորդ վախեր՝ կապված Իրանի հետ գործակցությունից: Այդ գործակցությունը մեզ ձեռնտու է, այն բխում է ՀՀ կենսական շահերից»,- նշեց նա:
Ավելին, ըստ նրա՝ Հայաստանը կարող է օգտվել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանվելիք պատժամիջոցներից:
«Պատժամիջոցները լրացուցիչ դուռ են բացում որոշակի ոլորտներում նույնիսկ զարգացնելու Հայաստան-Իրան գործակցությունը: Օրինակ, Միացյալ Նահանգներն արգելել են իրանական արտադրության գորգերի մուտքը ԱՄՆ, սակայն Հայաստանում արտադրված իրանական գորգերը որևէ կերպ չեն կարող մտնել որևէ պատժամիջոցի տակ: Կարելի է նաև բանկային ոլորտում կապերը զարգացնել: ՀՀ այն բանկերը, որոնք թույլ կապեր ունեն կամ ընդհանրապես չունեն ԱՄՆ-ի հետ, կարող են օգտվել պատժամիջոցների ընձեռած հնարավորություններից»,- ասաց Վարդան Ոսկանյանը:










