Համացանցում են հայտնվել Խաչատուրյան քույրերի՝ հոր կողմից ծեծի ենթարկվելուց հետո արված լուսանկարները
Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության տակ պահել հորը դաժանաբար սպանած երեք քույրերի՝ Կրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների գործը:
Այժմ համացանցում հրապարակվել են կադրեր, որոնք արվել են դեռևս նրանց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի կենդանության օրոք: Հրապարակված կադրերում երևում է, որ աղջիկները ծեծված են:
Ինչպես նշում է news.rambler.ru-ն, 17, 18 և 19 տարեկան քույրերի պատմելով՝ իրենք հոր ամեն մի ծեծից հետո լուսանկարվել են ու բռնության ապացույցները պահել:
Նույնը հաստատել է նաև աղջիկների մայրը՝ ծագումով մոլդովացի Աուրելիա Դունդուկը, ում պնդմամբ՝ նախկին ամուսինը պարբերաբար ծեծել է դուստրերին: Դունդուկը մանրամասնել է, որ դուստրերը շոկային լուսանկարները հեռախոսով իրեն են ուղարկել:
Լուսանկարներից մեկում 18-ամյա Անգելինան է, որի ճակատն արնահոսում է: Մյուս լուսանկարներում երևում են քույրերի կապտուկները:
Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:
Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:
Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար:














