Թաիլանդում աշակերտներին և ուսանողներին արգելվել է ողջագուրվել ու համբուրվել հանրային վայրերում

12:10 • 17.08.18

Թաիլանդի նախարարների կաբինետը հավանություն է տվել Կրթության նախարարության առաջարկին՝ արգելելով աշակերտներին, ուսանողներին հանրային հավաքներ անցկացնել, ի ցույց դնել սիրո անպատշաճ դրսևորումներ՝ դրանով առաջացնելով հանրության դժգոհությունն ու անհանգստություն պատճառելով նրանց:

Ինչպես նշում է The Nation-ը, նոր օրենքն արգելում է խախտել հասարակական և բարոյական կարգը՝ հանրային վայրերում ի ցույց դնելով սիրո ոչ պատշաճ դրսևորումներ:

Կրթության նախարարության խոսնակը նկատել է, որ նոր օրենքն ուղղված է երիտասարդների պաշտպանությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ աշակերտների և ուսանողների վարքին հետևողները պետք է կանխեն հակառակ սեռին համբուրելու փորձերը, կամ նրանց անպատշաճ գրկախառնությունները:

Այս հարցով պատասխանատուները պետք է հաճախ ստուգայցեր կատարեն «ռիսկային» գոտիներում, հետ պահեն դեռահասներին նման գործողություններից, ինչպես նաև առանձնակի զգոնություն ցուցաբերեն Սուրբ Վալենտինի օրը: