Հարավային Ամերիկայում 8 ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել՝ պայթուցիկի մասին ահազանգերի պատճառով
Արգենտինայում, Պերուում և Չիլիում ութ ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել՝ պայթուցիկի մասին ահազանգերի պատճառով: Այս մասին հաղորդում է Bio Bio ռադիոկայանը: Բոլոր ինքնաթիռները ստուգվել են, պայթուցիկի մասին տեեկությունները չեն հաստատվել:
Նշվում է, որ ստացված ահազանգերի համաձայն պայթուցիկ սարքեր են եղել 11 ինքնաթիռում, սակայն երկուսի դեպքում տեղեկությունն անմիջապես հերքվել է, քանի որ նշվել էին գոյություն չունեցող չվերթներ: Եվս մի ինքնաթիռ ուղարկվել է ստուգման:
Ինքնաթիռների մի մասը պատկանում է հարավամերիկյան LATAM ավիաընկերությանը, իսկ մյուս մասը՝ չիլիական Sky Airlines-ին: Հայտնի է, որ ինքնաթիռներից երկուսն իրակայացնում էին ներքին չվերթներ Չիլիում, մեկն ուղևորվում էր Սանտյագոյից (Չիլի) Լիմա (Պերու), մյուսը՝ Սանտյագոյից Բուենոս Այրես (Արգենտինա), ևս մեկը՝ արգենտինական Մենդոսա նահանգից Սանտյագո:
Ոստիկանությունը հետագննություն է սկսել՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:










