Ֆրանսիայում բեռնատարը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսի, կան տուժածներ (տեսանյութ)

09:57 • 17.08.18

Ֆրանսիայում բեռնատարը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսի, պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ, այս մասին տեղեկացնում է L'Union-ը։

3-13 տարեկան երեխաների տեղափոխող ավտոբուսի վարորդը կանգնեցրել է փոխադրամիջոցը Պիկարդիա շրջանում գտնվող Փարիզ-Րեյմս ավտոմայրուղու վրա՝ անվադողը փոխելու համար։ Այդ ընթացքում մայրուղով սլացող բեռնատարի վարորդը չի նկատել կայանված ավտոբուսն ու բախվել է դրան։

Հայտնի է, որ ավտոբուսում գտնվել է 45 մարդ։ Տուժածների թվում են 2 մեծահասակ ու 7 երեխա։ Բժիշկները լուրջ են համարել տուժածներից երկուսի՝ 11 և 12 տարեկան երեխաների ստացած վնասվածքները։

Աղբյուրը նշում է, որ բեռնատարի վարորդը ձերբակալված է, ալկոհոլային ազդեցության տակ գտնվելու նշաններ նրա մոտ չեն հայտնաբերվել։