Ինդոնեզիայում զինծառայողներին թույլատրվել է առանց զգուշացման կրակ բացել անտառները հրդեհող քաղաքացիների վրա

15:38 • 17.08.18

Ինդոնեզիայի Ռիաու նահանգում զինծառայողներին թույլատրվել է առանց զգուշացման կրակ բացել անտառները հրդեհող քաղաքացիների վրա, գրում է РИА Новости գործակալությունը։

Ինչպես նշել է անտառային հրդեհներից պաշտպանության վարչության ներկայացուցիչ Սոնի Ապրիանտոն, նման որոշում է կայացվել՝ կապված այն բանի հետ, որ անտառային հրդեհների առաջացման դեպքում կրակը շատ արագ է տարածվում։

«Ռիաու նահանգում անտառային հրդեհների շուրջ 99 տոկոսը կապված է անպատասխանատու մարդկանց դիտավորյալ գործողությունների հետ»,- ասել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ զինծառայողներն իրավունք ունեն կրակելու միայն այն դեպքում, երբ անտառը հրդեհել փորձած անձը բռնվել է դա անելու պահին։

Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր, որ իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն բան, որպեսզի այս տարի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 2-ն Ինդոնեզիայում անցկացվելիք Ասիական խաղերը չտապալվեն անտառային հրդեհների պատճառով։