Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեղափոխության 2-րդ փուլով դատական և օրենսդիր մարմինը վերցնելու մասին. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

15:40 • 18.08.18

Երեկվա հանրահավաքից ընդհանուր տպավորությունն այն էր, որ դա հայտարարություն էր հեղափոխության 2-րդ փուլի վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` հավելելով, որ եթե առաջին փուլով հեղափոխությունը վերցրել էր գործադիր իշխանությունը, ապա երեկ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխական ճանապարհով նպատակ կա վերցնել նաև օրենսդիր և դատական իշխանությունները, այսինքն` իշխանության բոլոր ճյուղերը:

«Ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ արդեն խորհրդարանը կարող է ավելի համառ գտնվել և տեղի չտալ ճնշումներին, և դրա համար անհրաժեշտություն է առաջացել ընդունել նոր սահմանադրական օրենք, որով որ փաստորեն խորհրդարանը կինքնալուծարվի: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանականների վրա լինեն ճնշումներ: Կարծում եմ՝ ԱԱԾ-ն այդ ուղղությամբ կաշխատի, որից հետո խորհրդարանը տեղի կտա և կընդունի սահմանադրական փոփոխությունները: Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա խոսք գնաց անցումային արդարադատության մասին, մենք այդ տերմինին ծանոթ ենք, միջազգային պրակտիկայում դա կա` Նյուրնբերգյան դատավարությունը, բայց ես կարծում եմ, որ պետք է զգույշ լինել կրկին Սահմանադրության հետ աշխատելիս, որովհետև կարող է հայտնվել, նույն սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունների թակարդում»,-շեշտեց նա:



Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Մարտի 1»-ը բացահայտված է՝ Աղասի Ենոքյանն ասաց, որ այդ պարագայում ոչ թե հայտարարություններ պիտի լինեն, այլ պիտի դատավարությունը սկսի, մինչդեռ հիմա խոսում են գործի շրջանակում Սերժ Սարգսյանին հարցաքննելու, Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու և հարցաքննելու մասին: Աղասի Ենոքյանի կարծիքով՝ «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ գործողությունների և հայտարարությունների մեջ հակասություն կա:

Աղասի Ենոքյանը երեկվա հանրահավաքում նկատել է նաև ամբոխավարական հուզականություն, երբ նշվում է, որ իշխանություն պիտի լինի ո՛չ խորհրդարանը, ՛ոչ դատական համակարգը, այլ հրապարակը:

Խոսելով հարցից, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի շեշտադրումը, որ ՀՀ-ում կոալիցիա չկա, իրեն ընտրել է ժողովուրդը, խոսում է այն մասին, որ միաբևեռ  քաղաքական համակարգ ենք ունենալու՝ Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ այն, որ հարթակում կանգնած էին կառավարության ՔՊ անդամները, խոսում է այն մասին, որ ՔՊ-ի կառավարությանը և՛ ՀՅԴ-ի, և՛ «Ծառուկյան» դաշինքի մասնակցությունը պայմանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր այդ քայլին գնալ՝ այս խորհրդարանով կառավարություն ձևավորելու համար, բայց միաբևեռ քաղաքական համակարգ չի ստեղծվում:

«Քոչարյանին կալանավորելով և նրան մղելով դեպի քաղաքական դաշտ՝ Փաշինյանը ստեղծում է երկբևեռ քաղաքական համակարգ: Բայց ասեմ ` բավականին վտանգավոր համակարգ է, որովհետև եթե Փաշինյանի գործելակերպից դժգոհ ենք, դուրս է գալիս Քոչարյանական ենք, ինչը շատ վատ է, այսինքն՝ ինչ-որ սև ու սպիտակ դաշտ է ստեղծվում, որը որ մտքի, քաղաքական կամքի արտահայտման համար բավականին նեղ է և չի տալիս իրական հնարավորություններ ու երաշխիքներ»,-ընդգծեց քաղաքագետը: