Տրանսպորտի նախարարությունը շարունակում է նախորդ կառավարությունների գործելաոճը. օնլայն տաքսիները շարունակում են օրենքից դուրս աշխատել. Վ. Սահակյան
Օնլայն տաքսիների դեպքում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը, չգիտես ինչու, շարունակում է նախորդ կառավարությունների գործելաոճ: Օնլայն տաքսի ծառայություններն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աշխատում են օրենքից դուրս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նախորդ կառավարությունը «Յանդեքսից» կաշառք էր վերցրել, որ ամեն հարմարությունը ստեղծի, որ այստեղ նրանք դառնան մոնոպոլ: 2.5 տարի շարունակ նախորդ կառավարությունն այդ կուրսը վարել է: Ընդհուպ մինչև վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք զանգում էին չափագրության ազգային ինստիտուտ և պարտադրում էին, որ օրենքը խախտելով ստուգաչափեն այս հեռախոսներն ու պլանշետները: Հաշվիչի փոխարեն պլանշետը ստուգաչափեն, որը օրենքի կոպիտ խախտում է: Ես չեմ կարծում, որ նորերն այս կաշառքից տեղյակ են: Համոզված եմ, որ նախարարության հին աշխատողները նորերին համոզում են, որ ճիշտը սա է, որովհետև արդեն պարտավորվել են»,- նշեց նա:
Վահագն Սահակյանի խոսքով՝ օնլայն տաքսիները կարողանում են աշխատել հետխորհրդային բոլոր երկրներում, բացի Վրաստանից: «Այսինքն, այն տեղերում է աշխատում, որտեղ հնարավոր է կաշառքով օրենքից դուրս աշխատել: Իսկ այսօր մեր պետությունը, չգիտես ինչու, սկսել է օնլայն տաքսիների հետ սիրախաղի մեջ մտնել: Տրանսպորտի նախարարությունում հասարակական խորհուրդ կա, ես էլ այդ խորհրդի անդամ եմ, դուք որ տեսնեք իրենց վերաբերմունքը «Յանդեքս» տաքսիի ներկայացուցիչների նկատմամբ և մեր նկատմամբ՝ տաքսի սերվիսների ասոցիացիայի, կհասկանաք, որ ուղղակի սիրախաղի մեջ են»,- ասաց նա:
Նրա տեղեկացմամբ՝ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն այժմ օրենքի նախագիծ է պատրաստում, որ թույլ կտրվի աջակողմյան ղեկով մեքենաներին որպես տաքսի աշխատել:
«Ես հիմա նամակ եմ պատրաստում Նիկոլ Փաշինյանին ուղարկելու համար: Հասկանամ, որ ինքը տեղյակ է, թե ինչ է կատարվում»,- նշեց Վ. Սահակյանը:
Դիտարկմանը, թե մինչ օրենքի ընդունումը, միևնույն է, աջ ղեկ մեքենաներով տաքսի վարում են, Սահակյանն ասաց. «Չի կարելի, դա հարկավոր է արգելել: Արդեն երկու տարուց ավելի օրենքը խախտում են, բոլոր պայմաններից դուրս տաքսիներ են օգտագործում, չեն վճարում ոչ մի հարկ պետությանը: Մեկ տաքսի ծառայությունում, եթե 28 գրանցված մեքենա կա և 2 չգրանցված, մինչև 2.5 մլն դրամ տուգանում են, իսկ «Յանդեքսն» ու gg-ին 2.5 տարի շարունակ 10 հազար մեքենա են աշխատացրել օրենքից դուրս և ոչ մի կոպեկ չեն տուգանվել»:










