Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ «Ֆեյսբուք»-ի Messenger-ը չի գաղտնալսվում. այլ բան է, եթե ԱՄՆ հատուկ ծառայություններին հաջողվի կոտրել սոցիալական ցանցը
Facebook-ի և մի շարք այլ սոցիալական ցանցերի հեռախոսային ցանցերի մի շարք հայտնի ծրագրեր դեռևս գաղտնալսման առումով անվտանգ են, այլ հարց է, թե որքան ժամանակ սա կշարունակվի։
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նշենք, որ Միացյալ Նահանգների իշխանությունները փորձում են Facebook-ից իրավունք ստանալ՝ մուտք գործել այն անձանց Messenger հավելված, որոնց կասկածում են հանցագործություն կատարելու մեջ, ինչի մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երեք անանուն աղբյուրների:
Ըստ գործակալության հաղորդագրության՝ այժմ դատաքննություն է ընթանում, որի շրջանակներում ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրում է Facebook-ին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և համապատասխան կոդերն իշխանություններին չտրամադրելու համար:
«ԱՄՆ հատուկ ծառայությունների և Facebook-ի վեճը կարող է ունենալ շատ հեռուն գնացող հետևանքներ 1 պատճառով․ ձայնային խոսակցությունները Messenger-ում գաղտնագրվում են սարքից սարք։ Դա հատուկ տիպի գաղտնագրում է, որը ենթադրում է, որ և՛ Facebook-ը չի կարող գաղտնալսել, որովհետև դա գաղտնագրվում է մեկ հեռախոսի վրա և ապակոդավորվում մեկ այլ հեռախոսի, և՛ միջնորդը չի կարող ապակոդավորել, քանի որ բանալիներն այս երկու հեռախոսների միջև են փոխանակվում»,- ասաց ՍամվելՄարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ գաղտնագրման այս ձևն աշխատում է Whatsapp-ում, Viber-ում, և հենց այս տիպի գաղտնագրումն է, որ հատուկ ծառայություններին թույլ չի տալիս գաղտնալսել խոսակցությունները, ինչի հետևանքով՝ նույն Whatsapp-ը կամ Telegram-ի գաղտնի զրուցարանը անհասկանալի են հատուկ ծառայությունների գաղտնալսման համար։ Հիշեցնենք, որ նույն պատճառով՝ ՌԴ-ն և Իրանը արգելափակել են Telegram-ը, Չինաստանը՝ Whatsup-ը:
«Ինչո՞ւ՝ որովհետև հատուկ ծառայությունները չեն կարողանում սա վերահսկել, և հիմա, եթե ԱՄՆ հատուկ ծառայություններին հաջողվի կոտրել սա, դա կբերի նրան, որ մարդիկ կսկսեն արդեն հետևել, թե որ Messenger –ից են օգտվում, որից՝ ոչ, որտեղ կա կետից կետ, սարքից սարք գաղտնագրում, իսկ որտեղ՝ ոչ »,- մեկնաբանեց Սամվել Մարտիրոսյանը։










