Ներառական տնտեսության միտքը շատ լավն է, բայց այն իրականացնելը դժվար է. ՀՀ-ում եկամուտները կուտակվում են քչերի ձեռքում. Հ. Միքայելյան (տեսանյութ)
Ներառական տնտեսության միտքը շատ լավն է, բայց այն իրականացնելը դժվար է. ՀՀ-ում եկամուտները կուտակվում են քչերի ձեռքում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:
«Մեզ մոտ անհավասարությունը եկամուտների առումով բավականին բարձր է: Ներառական տնտեսություն ստեղծելու համար մի քանի հնարավորություններ կան: Առաջինը՝ կարելի է այնպես անել, որ տնտեսության մի քանի ճյուղեր ավելի արագ աճեն, քան ամբողջ տնտեսությունը: Ներառական աճի համար պետք է նաև զբաղվածության խնդիրը լուծվի, ապամենաշնորհացումը կարող է օգնել: Իհարկե, սոցիալական քաղաքականության միջոցով էլ հնարավոր է ներառական տնտեսություն ունենալ, բայց մեր բյուջեն դա թույլ չի տալիս, ինչպես նաև 2020 թ.-ին արտաքին պարտքի մարման խնդիր կա մեր առջև»,- հայտնեց նա:
Ամփոփելով Կառավարության տնտեսական ռազմավարության 100 օրվա արդյունքները՝ Կովկասի ինստիտուտի գիտաշխատողը նշեց, որ հուլիսին գրանցվել է 11 տոկոս տնտեսական ակտիվության աճ, ընդ որում՝ տնտեսության ճյուղերի մեծ մասն աճ են գրանցել:
«Գյուղատնտեսական ոլորտում հունիսին մեծ աճ էր, բայց դա սեզոնի տեղափոխման հաշվին էր, այսինքն՝ տաք եղանակի: Ծառայությունների ոլորտում 22 տոկոս աճ է եղել, արդյունաբերությունը սկսել է ավելի արագ զարգանալ, բայց շինարարության ոլորտում խնդիրներ կան»,- ասաց նա:
Հրանտ Միքայելյանը դրական է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թեթև արդյունաբերության զարգացման մասին հայտարարությունը: Ըստ նրա՝ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում, բայց այն հեռանկարային չէ:
«Կառավարության քաղաքականության մեջ դրական է նաև այն, որ նույնիսկ եթե խոշոր բիզնեսները տուգանվում են, նրանք չեն փակվում, ճնշումն այնպիսին չէ, որ կարող են փակվել: Տնտեսական կայունության առումով սա շատ կարևոր է»,- նկատեց նա:
Կառավարությունը նաև քննարկման է դրել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնություն՝ ակնկալելով մասնագետների խորհուրդները:
Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել փոքր և գերփոքր բիզնեսների համար ճկուն համակարգ ներդնելուն. «Ամեն տարի գրանցվում էր պակասուրդ, 2020 թ.-ին պարտքերի մարման խնդիր կա. Կարծում եմ, որ հարկերը նվազեցնելը դժվար կլինի: Բայց փոքրի և գերփոքրի համար շրջանառության հարկի շեմը պետք է վերանայվի, ավելի ճկուն համակարգ լինի այս առումով»:










