Ֆրանսիացի թոշակառուները 3 կիլոգրամանոց երկնաքար են գտել իրենց պարտեզում

22:21 • 20.08.18

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բեգո քաղաքում, 76-ամյա կինը երկնաքար է գտել իր պարտեզում: Այս մասին հայտնում է The Local-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Կլոդին Գերմանը արտասովոր քարը հայտնաբերել է իր պարտեզը խնամելու ժամանակ:

«Ես տեսա քարը սիզամարգի մեջ, դրա տակ մի փոքր փոս կար: Տարօրինակ թվաց, ահա թե ինչու տարա ու ցույց տվեցի ամուսնուս», - պատմել է կինը:

Գերմանի խոսքով՝ մուգ մոխրագույն երկնաքարը մոտավորապես կոկոսի չափ ուներ ու երեք կիլոգրամ էր կշռում: Կնոջ ամուսինը՝ 80-ամյա Կլոդը, նախկին կենսաքիմիայի պրոֆեսոր է. նա ուսումնասիրել է քարը:

«Բարձրացրեցի այն ու հասկացա, որ այն աննորմալ ծանր է: Կշռեցի այն դեղատնային կշեռքով: Բացի այդ, երկաթի ու նիկելի պարունակության պատճառով այն ուժեղ մագնիսական դաշտ ուներ», - մանրամասնել է տղամարդը:

Նշվում է, որ ամուսինները կարող են մինչև հազար եվրո ստանալ քարը գտնելու համար, քանի որ չվնասված երկնաքարը շատ հազվադեպ երևույթ է: