Նոր իշխանության 100 օրվա ընթացքում իրականացրած գործողություններն իրավական առումով ավելի ճիշտ են, քան այն, ինչ ասվում է, որ պետք է արվի. Ն. Նորիկյան (տեսանյութ)

12:09 • 20.08.18

ՀՀ նոր իշխանության գործունեության 100 օրվա ընթացքում իրականացրած գործողություններն իրավական առումով ավելի ճիշտ  են, քան այն, ինչ ասվում է, որ պետք է արվի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Փաստաբանն ասաց, որ վարչապետի հայտարարությունների՝ սահմանադրական փոփոխությունների, դատավորներին ուղղված կոչի և անցումային արդարադատության վերաբերյալ որոշակի մտահոգություն ունի:



«Սահմանադրության փոփոխությունը, ըստ էության, վերաբերում է Սահմանադրության 92-րդ հոդվածին՝ բացառելով վարչապետի հրաժարականի նախապայմանը: Իսկ Ազգային ժողովի 2/3-րդ քվեով կարող է փոփոխություն իրականացնել այդ հոդվածում:  Փաշինյանն առաջարկում է փոփոխություն իրականացել, որ Ազգային ժողովն ինքն իր ինքնալուծարման մասին որոշում կայացնի՝ բացառելով վարչապետի հրաժարականը:

Այդպիսի փոփոխություն կարելի է կատարել այն դեպքում, եթե այսօրվա ՀՀԿ-ն տա իր համաձայնությունը, դա նշանակում է՝ ՀՀԿ-ն պետք է գործի երկրորդ «ինքնասպանությունը»: Պետք չէ նման սցենարով գնալ: Գործադիրը չպետք է ստիպի օրենսդիր իշխանությունը, որովհետև իրավունքի ուժով արձակմանն ԱԺ պատգամավորն այլ ընկալում կունենա, ստիպելը՝ այլ ընկալում»,-ասաց Նորիկյանը:

Փաստաբանն ասաց, որ ինքը վստահ է, որը պետք է փոփոխություններ արվեն Սահմանադրության մեջ, սակայն արտահերթ ընտրություններից հետո՝ լեգիտիմ մարմնի կողմից:

Tert.am-ի հարցին, թե արդյոք չի՞ ստացվում, որ 100 օր պաշտոնավարելուց հետո էլ Նիկոլ Փաշինյանն է «իր հագով» Սահմանադրություն կարում առանց իր հրաժարականի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, արդյոք դա նույնը չէ՞, ինչի մեջ նախկինում Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին, Նորիկյանն ասաց, որ կարող է նման ընկալում լինել:

«Դրա համար էլ ես ասում եմ, որ կան մտահոգություններ, պետք չէ նման քայլ անել, որովհետև Փաշինյանը պետք է մտահոգություն չունենա, որ ինքը չի ընտրվելու վարչապետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հանրահավաքի ժամանակ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված կոչին, թե խելքներդ գլուխներդ հավաքեք, փաստաբանն ասաց, որ, իհարկե, շատերը կան, որ դատական համակարգում տեղ չունեն, սակայն կյանքի գնով պետք է պահպանել դատական համակարգի անկախությունը. «Այդ կոշտ տոնայնությամբ հանդես գալը որոշակի այլ ենթատեքստերով գնահատականների տեղիք կարող է տալ»:

Tert.am-ի հարցին, թե արդյոք դա չի՞ ենթադրում Լինչի դատաստան և ի՞նչ է նշանակում հազարավոր մարդկանց մոտ դատավորներին նման կոչ անելը, Նորիկյանն ասաց, որ հենց դրա համար է ասում, որ անկախ նրանից՝ դատարանի որոշումը հաճո է կամ ոչ, պետք է դատական համակարգն անկախ լինի:

Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, Նորայր Նորիկյանն ասաց, որ դա որոշակի ուրույն գործիքակազմ է, իսկ Հայաստանում իրականացնելու համար պետք է պատասխանել հետևյալ հարցերին. «Արդյոք ՀՀ օրենսդրությունն անհրաժեշտ և բավարար չե՞ն արդարադատության համար, ովքե՞ր, ի՞նչ սկզբունքով ու ո՞ր կառույցներն են իրականացնելու անցումային արդարադատություն, արդյոք բողոքարկելի՞ են լինելու անցումային արդարադատության ընթացքում իրականացված որոշումները: Իմ կարծիքով՝ ՀՀ օրենսդրությունը բավարար է օրինականության վերականգնման և հաստատման ուղղությամբ»: