Չինարենի իմացությունը ՀՀ-ում ոչ միայն քաղաքակրթական, այլև տնտեսական անհրաժեշտություն է. բացվեց հայ-չինական բարեկամության դպրոցը (լուսանկարներ)

16:41 • 22.08.18

Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում տեղի ունեցավ հայ-չինական բարեկամության դպրոցի բացման արարողությունը, որը կառուցվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աջակցությամբ:

Դպրոցում կիրականացվեն ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր, ուսուցման լեզուն հայերենն է, կազմակերպվելու է չինարենի խորացված ուսուցում, կգործեն 5-12-րդ դասարաններ, նախատեսված է 405 աշակերտի համար: Հայ-չինական կրթական նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 12 միլիոն դոլար է կազմում:

Բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում ասաց, որ չինարենի իմացությունը հնարավորություն է հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության:

«Մեր ժողովուրդը նույնպես գալիս է հազարամյակների խորքից, և իսկապես ես պատմական մեծ իմաստ եմ տեսնում այն փաստի մեջ, որ Հայաստանի և Չինաստանի պետական դրոշները ծածանվում են կողք կողքի»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ Հայաստանի և Չինաստանի պետություններին և ժողովուրդներին մոտեցնում է ռազմավարական մտածողությունը, որովհետև ժամանակակից աշխարհում ժամանակակից մտածողությունն ի ցույց է դնում, որ Հայաստանը և Չինաստանը ունեն բազմաթիվ հետաքրքրություններ, և դրանցից բազմաթիվներն ունեն ռազմավարական նշանակություն:

«Անկախության առաջին օրերից ի վեր հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական մթնոլորտում, և այս նորակառույց դպրոցի բացումը պետք է խորհրդանշի մեր երկրների հարաբերության ավելի արդյունավետ, ավելի բարեկամական էջի բացումը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հիմա արդեն չինարենի իմացությունը Հայաստանում ոչ միայն քաղաքակրթական, այլև տնտեսական անհրաժեշտություն է: «Ամեն տարի Հայաստանում տեսնում ենք Չինաստանից ժամանած ավելի շատ զբոսաշրջիկների, և նոր  ժամանակաշրջանում տեսնում ենք չինացի բիզնեսմենների, ներդրողների առանձնակի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,- ասաց նա:

ՀՀ–ում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն դպրոցի բացումը հիշարժան օր համարեց հայ-չինական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:

Նա նշեց, որ ներկայումս Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պահպանում են առողջ  զարգացման միտում, համագործակցությունն ընդլայնվում է: Դեսպանը հայտնեց, որ Հայաստանում չինարեն սովորողների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան հազար մարդ, չինական կողմը Հայաստան է գործուղել ավելի քան 30 չինարեն լեզվի ուսուցիչ և կամավոր:

«Հայերենում կա մի բառ՝ «չնաշխարհիկ, որը բառացիորեն թարգմանվում է «Չինաստան աշխարհից» և նշանակում է հիասքանչ իր: Հուսով եմ և հավատում եմ, որ հայ-չինական բարեկամության դպրոցը կդառնա իսկապես «չնաշխարհիկ»»,- հավելեց նա: