Բելգիայի բնակիչն ավելի քան 107 մլն եվրո է շահել վիճակախաղով
Բելգիայի բնակիչն ավելի քան 107 մլն եվրո է շահել եվրոպական EuroMillions վիճակախաղով: Այդ մասին տեղեկացրել է վիճակախաղի մամուլի ծառայությունը, հաղորդում է «РИА Новости»-ն:
EuroMillions-ի շնորհիվ Բելգիայի մի քանի բնակիչ ամեն տարի միլիոնատեր է դառնում: Այսպես, 2016 թվականի հոկտեմբերին Բրյուսելում բնակվող հավաքարարը 168 մլն եվրո է շահել, ինչը դարձել է թագավորության ամենախոշոր շահումը:
Զվարճանքի ոլորտի կարգավորող կոմիտեի տվյալների համաձայն՝ միայն 2013 թվականին Բելգիայի բնակիչները 964 մլն եվրո են ծախսել ազարտային խաղերի վրա, իսկ 2017 թվականին Բելգիայի գրեթե 6.5 միլիոն բնակիչ առնվազն մի անգամ EuroMillions է խաղացել:
EuroMillions-ն առաջին անգամ անցկացվել է 2004 թվականի փետրվարի 13-ին՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում: 2004 թվականի հոկտեմբերին վիճակախաղին միացել է ևս վեց երկիր՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան և Ավստրիան: Ընդհանուր առմամբ, վիճակախաղին մասնակցում է մոտ 200 մլն մարդ:










