Ֆրանսիայում կողոպտել են Hermès ընտանիքի ներկայացուցիչ տարեց զույգին

17:21 • 22.08.18

Լույս օգոստոսի 21-ին Ֆրանսիայում կողոպտել են Hermès ընտանիքի ներկայացուցիչ տարեց զույգին՝ Նորմանդիայում գտնվող նրանց ամառանոցում: Այս մասին հայտնում է Figaro թերթը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:00-ի սահմաններում: Հանցագործները ներխուժել են Դյեպ քաղաքի մոտակայքում գտնվող ամառանոց, որտեղ գտնվում է Hermès նորաձևության տան՝ կաշվե իրերի արտադրության արհեստանոցը:

Նշվում է, որ հանցագործները ոսկերչական իրեր ու կանխիկ գումար են պահանջել 87-ամյա տղամարդուց և 83-ամյա կնոջից:

Figaro-ի հաղորդմամբ՝ դատախազությունը միջադեպի հետաքննություն է սկսել:

Ֆրանսիական Hermès նորաձևության տունը հիմնվել է 1837 թվականին: Այն մասնագիտացած է հագուստի, կաշվե իրերի, աքսեսուարների, պարֆյումերիայի և այլ իրերի արտադրության գծով: