Որպես իրավական փաստաթուղթ՝ սա լավագույններից է, այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է. Կամո Արեյանը՝ «Սանիթեքի» հետ պայմանագրի մասին

12:01 • 22.08.18

Այդպիսի բան գոյություն չունի, դա թյուրընկալում է, պայմանագրին չտիրապետելու արդյունք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի ԺՊ Կամո Արեյանը՝ անդրադառնալով այն գնահատականներին, որ այնպես են պայմանագիրը կազմել, որ միայն «Սանիթեքը» կարողանա հաղթել մրցույթը:

«Այս պայմանագիրը լավագույն պայմանագրերից մեկն է եղել՝ որպես իրավական փաստաթուղթ, այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է: Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, բայց թերանում է «Սանիթեքը»: Անցյալ տարի էլ նման դեպք եղավ»,-ասաց նա:

Կամո Արեյանը նշեց, որ, որպես քաղաքապետի պաշտոնակատար, ընթացակարգով բոլոր քայլերը ձեռնարկել է, տույժի է ենթարկել «Սանիթեք» ընկերությանը:

«Խնդիրը «Սանիթեքի» ներքին խնդիրն է, նա՝ որպես օպերատոր, պարտավոր է կատարել իր պարտականությունները, և մենք մինչև վերջ պահանջելու ենք, որ կատարի դրանք»,-ասաց նա և նշեց, որ ընկերությունն ընդունել է իր մեղքը: