Վենեսուելայում ուժեղ երկրաշարժի հետևանքով 200 մետրանոց երկնաքերը թեքվել է (տեսանյութեր)

09:32 • 22.08.18

Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը տեղեկացրել է, որ մայրաքաղաք Կարակասում գտնվող 200 մ բարձրությամբ կիսակառույց երկնաքերը 25%-ով թեքվել է օգոստոսի 21-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով:

Իշխանությունների փոխանցմամբ՝ «Դավթի աշտարակը» հին կառույց է ու կարող է փլուզվել ցանկացած ցնցումից, գրում է ria.ru-ն:

Հայտնի է, որ երեկվա երկրաշարժն ունեցել է 7.3 մագնիտուդ ուժգնություն: Մինչդեռ օջախը գտնվել է 113 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Կարակասում: Ականատեսների հրապարակած տեսանյութերում երևում է, որ ցնցումները շարունակվել են մի քանի տասնյակ վայրկյան, և այդ ընթացքում ցնցվել են տները, շենքերն ու ավտոմեքենաները:

Երկրաշարժի հետևանքով տների ու շենքերի պատերին հսկայական ճաքեր են առաջացել, իսկ որոշ հատվածներ անգամ փլուզվել են: