Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի նոր հայց է ներկայացրել ՄԻԵԴ

14:10 • 22.08.18

Վրաստանի արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ Թբիլիսին ընդդեմ Ռուսաստանի նոր հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Ինչպես նշում է news.rambler.ru-ն, նախարարությունում մանրամասնել են, որ հայցը կապված է «շրջափակված տարածքներում և դրանց սահմանագծի երկայնքով բնակվող քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարման ու այլ խախտումների հետ»:

Բացի այդ, հայցում նշվում է Վրաստանի քաղաքացիների դեմ հարձակումների, նրանց սպանությունների, ինչպես նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո այս միտման ուժեղացման մասին:

Վրաստանը պահանջում  է, որ ՄԻԵԴ-ը ճանաչի Ռուսաստանի պատասխանատվությունը միջազգային կոնվենցիաների խախտման համար:

Վրաստանը պնդում է, որ Ռուսաստանը խոչընդոտում է էթնիկ վրացիների վերադարձին Աբխազիա և Հարավային Օսիա, որոնք պաշտոնական Թբիլիսին «շրջափակված տարածքներ» է համարում:

Հայտնի է, որ առ այսօր Վրաստանը միջպետական մակարդակով երկու հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ: